Մարտի 8-ի լրահոսին հետևելով՝ կտեղեկանանք, որ Սերժ Սարգսյանի տիկին Ռիտա Սարգսյանը նվեր է արել շուրջ հազար կանանց այնքանով, որ նրանց համար համերգ է կազմակերպել Երևանի Օպերայի և բալետի պետական թատրոնում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Թերթն ընդգծում է, որ համերգը հիշարժան է դարձել նրանով, որ այն վարող Հրանտ Թոխատյանը հենց բեմից զանգահարել է Սերժ Սարգսյանին և նրան խնդրել շնորհավորել կանանց տոնը։ Հեռախոսի համարն էլ դահլիճում ներկա Ռիտա Սարգսյանից է վերցրել։
«Հայկական ժամանակ»-ը նշում է, որ համերգը ոչ թե Ռիտա և Սերժ Սարգսյանների հաշվին է կազմակերպվել, այլ ՀՀ պետական բյուջեի։
Կառավարության այսօրվա նիստում հարց է ընդգրկված, որով նախատեսվում է 22,4 մլն դրամ տրամադրել համերգի ծախսերի փոխհատուցման համար։ Հարցը ներկայացնելու է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և գումարը նվիրաբերվելու է «Հայկական ջազի 70 տարին» հասարակական կազմակերպությանը։
«Ժամանակակից հասարակության լայն շրջանակների համար կանանց միջազգային տոնն ամենասիրվածներից և պահանջարկ վայելողներից մեկն է, ինչպես նաև համերգային ծրագրի միջոցով հայ կնոջ դերի վերաիմաստավորման և բարձրացման նպատակով նշված ծրագրի իրականացումը կարևորվում է», – ասվածէ գումարների հատկացման հիմնավորման մեջ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում