Epress.am-ի թիմը, որն այս օրերին աշխատում է Կիևից, հանդիպել է քաղաքագետ և փիլիսոփա Վլադիմիր Երմոլենկոյի հետ:
Հարցազրույցի ընթացքում նա խոսում է Կրեմլի վարքագծի տրամաբանության, Ուկրաինայի իշխանությունների լեգիտիմության խնդրի, Եվրոպայի ուշացած արձագանքի, Ռուսաստանի ռազմական ագրեսիային դիմակայելու պետության անկարողության և պարտիզանական պատերազմ վարելու հասարակության պատրաստակամության մասին:
Զրույցի տեքստային տարբերակը․
Վիրավոր կայսրության ֆաշիզմը
Ռուսաստանի համար սա գլոբալ խաղ է։ Այն վիրավոր կայսրություն է։ 20-րդ դարի բոլոր ֆաշիստական շարժումները, կարելի է ասել, զարգացել են վիրավոր կայսրության նախատիպի հիման վրա․ Գերմանիան, որ 30-ականներին կարծում էր՝ վիրավոր է, թերի է ու պետք է վերականգնի իր հզորությունը, Իտալիան, Իսպանիան․․․ Ռուսաստանն այժմ գտնվում է նման տրամաբանության մեջ։ Պուտինի հստակ նպատակը Եվրասիական միությունն է, որը պետք է սկսվի արդեն 2015 թվականին։ Կիևը, Ուկրաինան չափազանց կարևոր տարր է, ու Ռուսաստանը հասկանում է, որ առանց Ուկրաինայի նոր կայսրությունն այդ գաղափարն անհնար է։ Հետևաբար, ճնշում գործադրվեց Յանուկովիչի վրա՝ Մաքսային միությանը միանալու վերաբերյալ։ Իսկ երբ դա չաշխատեց, կիրառվեց ռազմական ագրեսիա։
Բոլորի համար պարզ է, որ վերջնական նպատակը Կիևն է․ հասկանալի է, որ Ղրիմով չեն սահմանափակվի։
Ուկրաինան պատրաստ է պարտիզանական պատերազմի
Մեր երկիրը պատերազմի չէր պատրաստվում։ Վերջին 20 տարիների ընթացքում այստեղ գրանցվում էր ռազմական հատվածի անկում։ 92 թվին Ուկրաինան ամենահզոր բանակներից ուներ, իսկ դրանից հետո տեղի ունեցածը կամ թալան էր, կամ անձնակազմի կրճատում։ Խելամիտ ռազմաքաղաքական հիմնադրույթ չկար։ Պատերազմի ոչ ոք չէր պատրաստվում։ ՆԱՏՕ-ն մեզ անդամակցության գործողությունների ծրագրի խոստացավ 2008-ին, բայց չտվեց։ Այնուհետև Յանուկովիչը Ուկրաինային չեզոք կարգավիճակ տվեց, ինչն ընդհանրապես փակեց դռները ՆԱՏՕ-ի համար։
Հիմա ուժերի հարաբերակցությունը 6-7 անգամ ավել Ռուսաստանի օգտին է։ Մոբիլիզացիան, իմ կարծիքվ, դեռևս շատ վատ է ընթանում։ ԱԳՆ-ի ու ՊՆ-ի քաղաքականությունն այն է, որ մենք խաղաղ երկիր ենք, որևէ մեկին չենք հրահրում, երբեք առաջինը կրակ չենք բացում և այլն։ Դա լավ իմիջ է ստեղծում Արևմուտքում: Ուկրաինայի արևելքում ագրեսիային դիմակայելուն, սակայն, երկիրը պատրաստ չէ, ու ագրեսիայի դեպքում տեղի կունենա ժողովրդական դիմակայություն, պարտիզանական պատերազմ։
Եվրոպան հետ է մնացել Մայդանից
Ես ակտիվորեն աշխատում եմ եվրոպացիների հետ, գիտեմ դիվանագետների, որոնք աշխատում են Կիևում, ու կարող եմ ասել, որ նրանք մշտապես մի քանի քայլ հետ են եղել։ Խորհրդարանական ընդդիմությունը Մայդանից մի քայլ էր հետ մնում, իսկ Եվրամիությունը, միջազգային հանրությունը՝ մի քանի։ Հետևաբար, Յանուկովիչի դեմ պատժամիջոցների մասին միայն խոսվում էր, ու դրանք ուժի մեջ մտան միայն այն բանից հետո, երբ նա փախուստի դիմեց, երբ դրանք արդեն ոչինչ չէին որոշում։
Մենք դավաճանում ենք ղրիմցիներին
Բոլորը հասկանում են, որ Ղրիմը Ուկրաինայի համար արդեն կորած է։ Եթե անգամ ուկրաինական զորքերը գնան Ղրիմ պայքարելու, հասկանալի է, որ դա կհանգեցնի արյունահեղ ջարդերի։ Կասկած չկա, որ Ղրիմի բնակչության մեծ մասը, այնուամենայնիվ, Ռուսաստանի կողմնակիցն է։ Թեև այնտեղ կան նաև ուկրաինացիներ, թաթարներ։ Ղրիմի 2 միլիոն բնակչության դեպքում 300 հազար թաթարները քիչ չեն։ Առաջին հերթին մտքերը տարածքի մասին չեն, այլ այն մասին, որ մենք դավաճանում ենք այս մարդկանց։ Ղրիմը հանձնելով՝ դավաճանում ենք Ղրիմի թաթարներին, ուկրաինացի բնակչությանը։ Բայց կա հստակ զգացողություն, որ Պուտինը Ղրիմով չի սահմանափակվի։ Այժմ անկարգություններ են հրահրվում Դոնեցկում, Խարկովում։ Արդեն երեք մահ Դոնեցկում է գրանցվել, երկուսը՝ Խարկովում։ Ինչո՞ւ։ Որովհետև կարելի էր առանց որևէ կոնֆլիկտի զորք մտցնել Ղրիմ, քանի որ այնտեղ արդեն ռուսական զորքեր կան։ Իսկ Ուկրաինայի արևելքում ավելի զանգվածային, ուժեղ սադրանք, մեծ թվով զոհեր են պետք, որպեսզի կարողանան ասել՝ այնտեղ անկարգություններ են, սպանում են ռուսալեզու բնակչությանը, և այլն։ Ու դա կհանդիսանա զորք մտցնելու պատճառ։
Լեգիտիմության բացը
Մեծ հարց է՝ ընտրություններ կլինեն, թե ոչ։ Դա կարևոր հարց է, քանի որ եթե պատերազմ սկսվի, ապա արտակարգ իրավիճակ կհաստատվի, ու ոչ մի ընտրություն էլ չի լինի։ Դրանում է Ռուսաստանի ցինիզմը․ Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար նրանց արդարացումը լինելու է՝ «դուք չունեք լեգիտիմ իշխանություն»։ Ինչը սուտ է, քանի որ մենք ունենք խորհրդարան, որը լեգիտիմ է։ Յանուկովիչի փախուստից հետո՝ սա միակ լեգիտիմ կառույցն է, որը նշանակել է կառավարություն՝ 2004 թվականի սահմանադրության համաձայն։ Բայց, իսկապես, Յանուկովիչի փախուստից հետո լեգիտիմության որոշ բաց մնացել է․ մենք չունենք նախագահ, ունենք նախագահի պաշտոնակատար։ Նախագահը պետք է ընտրվի, որպեսզի այս բացը լրացվի։
Ուկրաինայի պատասխանը Ռուսաստանին պարզ է՝ «մենք մայիսին ազնիվ ընտրություններ ենք անցկացնում, կարող եք ուղարկել ձեր դիտորդներին, այստեղ բոլոր թեկնածուները հաղթելու հնարավորություն ունեն»։ Ռուսաստանը, սակայն, զարգացնում է այս իրավիճակը, Ուկրաինային դրդում ռազմական իրավիճակ մտցնել՝ ընտրությունները հետաձգելու համար։
Ամեն ինչ ինքնաբերաբար ստացվեց
Ոչ ոք Մայդան չէր ակնկալում։ Հիշում եմ նոյեմբերի 21-ին, երբ հայտարարվեց եվրաինտեգրման դադարեցման մասին, Լվովում քննարկումներ էինք անկացնում փորձագետների, դիվանագետների, պատմաբանների հետ։ Բոլորը, իհարկե, զարմացած էին։ Ու եթե ինչ-որ մեկն ինձ այն ժամանակ ասեր, որ արդեն 3-4 ամիս անց ասոցացման համաձայնագիր կստորագրենք առանց Յանուկովիչի, ես կմտածեի որ այդ մարդը խենթ է։
Ոչ ոք դա չէր ծրագրում, ամեն ինչ ինքնաբերաբար ստացվեց։
Կյանքի ու մահվան պայքար
Ռուսաստանյան ագրեսիան ամեն ինչ կործանում է։ Կործանում է բարեփոխումների ծրագիրը․ բարեփոխումների մասին մտածելու փոխարեն՝ երկիրը մտածում է պատերազմի մասին։
Ես չէի ասի՝ Պուտինը հաղթում է։ Նա Ուկրաինան կորցրեց, ու եթե զորք մտցնի, կյանքի ու մահվան դիմակայության կարժանանա, քանի որ ակնհայտ է, որ արևմուտքի ու կենտրոնի մարդիկ պայքարելու են մինչև վերջ։ Կարծում եմ՝ արևելքում էլ մարիկ, տեսնելով ռուսական տանկերը, իրենց վերաբերմունքը մի փոքր կփոխեն։