Home / Տեսանյութեր / «Հարսնաքարի» գործով վճիռը հնչեց․ մեղադրյալների հարազատները հայհոյում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ, թարմացված)

«Հարսնաքարի» գործով վճիռը հնչեց․ մեղադրյալների հարազատները հայհոյում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ, թարմացված)

Այսօր Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը «Հարսնաքարի գործով» մեղադրյալներին 12 տարվա ազատազրկման է դատապարտել։

Մեղադրյալի աթոռին էին Գարիկ Մարգարյանը, Արման Խաչատրյանը, Արման Բաղդասարյանը, Նորայր Հայրապետյանը, Արթուր Բաբլոյանը և Դավիթ Ադամյանը, որոնցից յուրաքանչյուրի համար մեղադրող դատախազ Արմեն Դավթյանը 13 տարի էր պահանջել։

Վճիռը լսելուց հետո դատարանի դահլիճում իրարանցում է սկսվել։ Մեղադրյալների հարազատները անեծքներ և հայհոյանքներ են հնչեցրել դատարանի, դատախազի հասցեին, ապա սկսել են վիրավորել լրագրողներին, պայուսակները նետել նրանց ուղղությամբ։

+18

Հիշեցնենք, որ 2012 թվականի հունիսի 17-ին ՀՖՖ նախագահ, այն ժամանակ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծի էին ենթարկվել մի խումբ ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը՝ 32-ամյա Վահե Ավետյանը, 12 օր անց մահացել էր հիվանդանոցում: Մեղադրյալներ Գարիկ Մարգարյանը, Արման Խաչատրյանը, Արման Բաղդասարյանը, Նորայր Հայրապետյանը, Արթուր Բաբլոյանը և Դավիթ Ադամյանը, ըստ դատարանին ներկայացված փաստաթղթերի, աշխատել են «Հարսնաքար» ռեստորանային համալիրում:

Տուժող կողմը պահանջել է հարցաքննել նաև Ռուբեն Հայրապետյանին՝ կասկածելով, թե նա տեղյակ է եղել ծեծից ու, գուցե, ինքն էլ հրահանգ է տվել։ Հայրապետյանը դատարանում պնդել է, որ տեղի ունեցածի մասին տեղեկացել է դեպքից հետո միայն։ Դատարանն արժանահավատ է համարել այդ պնդումը։

Դատավարության ընթացքում մեղադրյալներից Նորայր Հայրապետյանը նշել է, որ Վահե Ավետյանը միայն իր հարվածներից է մահացել։  

Ըստ Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանի՝ նման խոստովանությամբ պաշտպանության կողմը փորձել է երկու խնդիր լուծել:

«Մեկը՝ պատժի անհատականացման հարցն է, որի պարագայում նոր համաներման ակտը հնարավոր կլինի կիրառել նրանց նկատմամբ: Պաշտպանության կողմը ձգտելու է հնարավորինս շուտ ավարտել դատաքննությունը: Հանցանքի անհատականացմամբ փորձ է արվում չեզոքացնել մեղադրականում նշված «համակատարում» եզրույթը: Համակատարաման թեզը փոխարինվում է պատժի անհատականացաման սկզբունքով և ամբաստանյալները ընդունում են առանձին դրվագներ՝ դրանով իսկ բացառելով հանցագործությունների համակցությունը: Սա շատ կարևոր է նոր համաներման տեքստի լույսի ներքո, որովհետև այս ակտը բացառում է հանցանքների համակցության պարագայում համաներման կիրառումը»,- ասել է Եգորյանը:

Ամեն դեպքում, դատարանը վճռել է բոլոր մեղադրյալներին 12-ական տարվա ազատազրկման դատապարտել։