ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը խորապես մտահոգված է Սիրիայի Քեսաբ շրջանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Ինչպես հայտնում է Հայ Դատի կենտրոնական խորհուրդը, Շերմանն այսօր այս մասին հայտարարություն է տարածել։
«Ես խորապես մտահոգված եմ Սիրիայի Քեսաբ շրջանում տիրող վտանգավոր իրավիճակով։ Հաղորդվում է, որ ծայրահեղական ուժերը հատել են Քեսաբի մոտ գտնվող Թուրքիայի սահմանը։ Քեսաբը մի տարածք է, որտեղ բնակչության մեծամասնությունը հայեր են։ Հարյուրավոր ընտանիքներ, վախենալով իրենց անվտանգության համար, ստիպված են եղել լքել իրենց տները։ Կան հաղորդումներ, ըստ որոնց, Քեսաբ ներխուժած ուժերը պղծում են եկեղեցիներն ու թալանում հայերի տները։ Ես խոսել եմ Պետդեպի հետ ու նրանց կոչ արել ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ Սիրիայի հայերին աջակցելու համար։ Թուրքիան պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի, որպեսզի կանխի ծայրահեղական հարձակումները հայերի վրա»,- հայտարարել Շերմանը։