ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը սկսել է մաս առ մաս հրապարակել իր տարեկան զեկույցը։ Ինչպես անցյալ տարի, նա առանձին է անդրադառնում տարբեր ոլորտներին։
Այսօրվա հրապարակած հատվածը կոչվում է «Ինչ իրավունքներ է խախտել Կրթության նախարարությունը 2013-ին»։
Օմբուդսմենն իր կարծիքն է հայտնել ոլորտում առկա թերությունների ու խնդիրների մասին․
– Հայաստանի 1400 դպրոցներից ընդամենը 117-ում է իրականացվել ներառական կրթություն, ընդ որում՝ ակնհայտ բացթողումներով: Արդյունքում խախտվել է հազարավոր հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքը, քանի որ իրենց հասանելի է դպրոցների ընդամենը 8%-ը:
– Որպես կանոն չի երկարացվել բարձր առաջադիմությամբ սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձի վճարման ժամկետը, ինչը լուրջ խնդիրներ է առաջացել այդ ուսանողների համար՝ անհարկի ֆինանսական բեռ, ընդհուպ մինչև համալսարանից հեռացում:
– Կրթության ոլորտում շարունակվել են դրամահավաքության, մանկավարժների նկատմամբ տարբերակված մոտեցման, ինչպես նաև տնօրենների կողմից անօրինականության դեպքերը:
– Առանձին դեպքերում գիտական մրցույթներում հանձնաժողովների անդամները հանդես են եկել նաև որպես մասնակից և ցուցաբերել են կանխակալ վերաբերմունք, սակայն օրենսդրական բացի հետևանքով մրցույթի մասնակիցները զրկված են եղել այդ անդամին բացարկ հայտնելու հնարավորությունից:
– Թերի ստուգումների արդյունքում չեն բացահայտվել դպրոցներում բուժօգնության մակարդակի, ժամկետանց դեղերի կամ առհասարակ դրանց բացակայության դեպքերը:
– Նախարարությունը միջոցներ չի ձեռնարկել՝ լուծելու որոշ ԲՈՒՀ-երի ուսանողական խորհուրդների քաղաքականացված լինելու խնդիրը, քանի որ դա հակասում է ԲՈՒՀ-երի չքաղաքականացված լինելու սկզբունքին:
– Չեն բարեկարգվել Երևանի և մարզերի դպրոցների կոմունալ պայմանները, ինչի հետևանքով մի շարք դպրոցներ առ այսօր գտնվում են ծայրահեղ վատ վիճակում:
– Առանձին դեպքերում, դպրոցների տնօրինության սխալ հաշվարկի հետևանքով ուսուցիչները չեն ստացել իրենց սոցիալական փաթեթի գումարները:
– Դպրոցների տնօրենների ընտրություններն անց են կացվել բացթողումներով, ինչի պատճառն է հանդիսացել այն կարգավորող թերի հրամանը:
– Գիտական աստիճանի շնորհման ընթացքում Բարձրագույն որակավորման հանձնաժողովի որոշ լիազորությունները, ինչպես նաև ատենախոսի կրկնակի պաշտպանությունը, պետք է նախատեսված լինեն օրենքով: Մինչդեռ դրանք նախատեսված են ոչ թե օրենքում, այլ, օրինակ, որոշումներում, հրամաններում: