ՀՀ կառավարության առաջիկա նիստում քննարկվելու է ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած մի նախագիծ, ըստ որի, կառավարության պահուստային ֆոնդից քրեակատարողական վարչությանը պետք է հատկացվի 875 միլիոն դրամ գումար: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Նախարարությունն այդ գումարի անհրաժեշտությունը բացատրել է նրանով, որ Արմավիրում ազատազրկվածների պահման համար կառուցվող նոր հիմնարկի շինարարության համար հատկացված գումարները չեն բավականացնում: Ըստ նախարարության ներկայացրած հիմնավորման, «Արմավիր» ՔԿՀ-հ պետք է շահագործման հանձնվի այս տարվա մայիսին, սակայն ծրագրով նախատեսված է, որ 400 ազատազրկվածների համար այդ ՔԿՀ-ի շինարարությունը պետք է շարունակվի, և այնտեղ պետք է տեղավորվեն արդեն 800 ազատազրկվածներ: Իսկ դրա համար 2014 թվականի պետբյուջեով հատկացված է մեկ միլիարդ դրամ, որը բավարար չէ:
Նախատեսվում է, որ 2006 թվականից կառուցվող այդ ՔԿՀ-ն վերջնական տեսքի բերելուց հետո այնտեղ պետք է պահվեն 1240 ազատազրկվածներ: