Վերջին 25 տարիների ընթացքում առաջին անգամ՝ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ապրիլի 10-ին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև է ընդունել։ Այս մասին ասված է Հայ Դատի ամերիկյան գրասենյակի տարածած հայտարարության մեջ։
Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը հանձնաժողովում ընդունվել է ձայների 12 կողմ և 5 դեմ հարաբերակցությամբ։
Բանաձևի հեղինակ, ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ռոբերտ Մենենդեսը այդ առիթով հայտարարել է․ «Ինձ և բարի կամքի տեր բոլոր մարդկանց համար կա մի պարզ ճշմարտություն՝ ցեղասպանությունը ցեղասպանություն է, ու դա այլ կերպ հնարավոր չէ անվանել։ Հաջորդ տարի մենք նշում ենք հայերի՝ Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված կոտորածի տարելիցը, ու շատ կարևոր է այս անգամ ավելի գլոբալ մոտեցում ցուցաբերել հարցին»։