Ականի պայթյունից վիրավորված Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի բնակիչ 49-ամյա Գաբրիել Բաբիկյանին մարզի բժշկական կենտրոնում վիրահատությունից հետո տեղափոխելու են Երևան։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել է Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը։
«Ես քիչ առաջ հիվանդանոցում էի, երբ դուրս եկա, իրեն արդեն վիրահատում էին, ես վիրահատարան չեմ մտել, կոնկրետ չգիտեմ՝ ինչն են վիրահատել, բայց վիրավորներին ականապատ դաշտից դուրս էինք բերում Բաբիկյանի աջ ոտքի թաթի հատվածն էր կտրվել։ Մյուսը` մեր գյուղի բնակիչ 56-ամյա Ռաֆիկ Մուղդուսյանը, մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին», -ասել է մեր զրուցակիցը։
Նշենք, որ ապրիլի 15-ին ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ Բաբիկյանն ու Մուղդուսյանը գյուղի սահմանագոտում խոտ հավաքելիս մոտ 200 մետր առաջացել են սահմանամերձ ականապատ տարածքում և պայթել են ականի վրա: