Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներ կարող են տեղի ունենալ միայն երկիրն օկուպացիայից և Ռուսաստանի հետ վասալային հարաբերություններից ազատելու դեպքում։ Ժողովրդավարական բարեփոխումներ կարող են սկսվել, եթե Հայաստանի քաղաքական կուսակցությունները, կամ գոնե դրանցից մեկը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի հետ անմիջական երկխոսության ծրագիր ներկայացնի։ Haqqin.az կայքի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» ղեկավար, հասարակական գործիչ Գեորգի Վանյանը։
Վերջինիս խոսքով՝ Ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու հավակնություններ ունեցող քաղաքական ուժը պետք է իր ընտրողին ներկայացնի հակամարտության կարգավորման հստակ ու հասկանալի ծրագիր, որը հաշվի է առնում միայն ու միայն երկու պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի շահերը, ծրագիր, որն այս երկու պետությունների հարաբերություններում փոփոխություններ է նախատեսում։
«Միայն այդ ժամանակ կկարողանանք ասել, որ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխում է տեղի ունեցել։ Այսինքն, դա կնշանակի, որ իշխանության ձգտող մարդիկ արտացոլում են իրենց ընտրողների իրական կարիքներն ու շահերը, նրանց զարգացման ուղղված ծրագիր են տալիս։ Այլապես, նրանք, ովքեր Հայաստանում իշխանության են ձգտում, և նրանք, ովքեր ներկայումս իշխանության ղեկին են, Պուտինի ծառաներն են, ոչ ավելին», – նշել նա։
Պատասխանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության վերաբերյալ հարցին (Սարգսյանը հայտարարել էր, որ այլևս երբեք չի պատրաստվում առաջադրվել ՀՀ նախագահի պաշտոնում)՝ Վանյանն ասել է․
«Այս հայտարարությունը, վարչապետի փոփոխությունն ու այլ կադրային վերանշանակումներն անգամ իրարանցում չեն, այլ իրարանցման իմիտացիա։ Դա որպես Հայաստանի ներկայիս քաղաքական իմիջ ներկայացնելու, քաղաքական իրականությունը, անկախության բացակայությունը, ռուսաստանյան օկուպացիան քողարկելու գործընթացում ներգրավված են բոլորը՝ իշխանությունը, ընդդիմությունը, հասարակությունը։ Սա արդեն անգամ զավթիչների հետ համագործակցություն ենթադրող կոլլաբորացիոնիզմ չէ։ Ես պարզապես չեմ կարողանում նախադեպեր գտնել։ Դա ջայլամ է, որը ոտքերով հարվածում է գետնին, որպեսզի փոշի բարձրացնի ու թաքցնի այն փաստը, որ գլուխը ավազի մեջ է։ Այս մարմնամարզությունը մեզ պատվիրել է Պուտինը»։
– Որքանո՞վ է հավանական Ռոբերտ Քոչարյանի նախագահությունը։
– Նման հավանականություն կա։ Ինչո՞ւ միայն Քոչարյան։ Լևոն Տեր-Պետրոսյանը նույնպես կարող է նախագահ դառնալ։ Հայաստանի ներքաղաքական կյանքի անորոշությունը կայունության գրավականն է։ 20 տարիների փորձը դրա ապացույցն է։ Այն, ինչ տեղի է ունենում հիմա ու տեղի է ունենալու ապագայում, ծառայելու է այդ անորոշության աճին։ Այս մշուշի մեջ՝ Հայաստանը պետք է վերապրի Մաքսային միության այսպես կոչված անդամակցությունը, Սահմանադրության այսպես կոչված փոփոխություններն ու հաջորդ այսպես կոչված ընտրությունները։