Երեկ գիշերը «Նաիրի» բժշկական կենտրոնում մահացել է 65-ամյա գործարար Հրանտ Վարդանյանը, ով «Գրանդ հոլդինգի» սեփականատերն էր։ Նրան հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության մեքենայով, սակայն կյանքը փրկել չի հաջողվել, բժիշկները նրա մոտ սրտի կանգ են արձանագրել։
Հրանտ Վարդանյանի հոլդինգի կազմում ընդգրկված ընկերությունները Հայաստանում հրուշակեղենի և ծխախոտի խոշորագույն արտադրողներն են։ Վարդանյանի 2 որդիները՝ Կարեն և Միքայել Վարդանյանները, 2007 թվականին ընտրվել են ԱԺ պատգամավորներ․ Կարեն Վարդանյանը խորհրդարան է անցել ՀՅԴ-ի ցուցակով, իսկ Միքայել Վարդանյանը Տավուշի մարզում գտնվող 40-րդ ընտրատարածքից։ Տիգրան Սարգսյանի վարչապետության տարիներին Վարդանյանը և նրա որդիները բազմիցս քննադատել են տարվող տնտեսական քաղաքականությունը, պնդել են, որ կառավարությունը չի գործում ի շահ տեղական արտադրողի։ Իր հարցազրույցներում Վարդանյանը նաև ակնարկել է, որ իր համար խնդիրներ է ստեղծում ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, ով Հայաստան հրուշակեղենի խոշորագույն ներմուծողներից է։ Միևնույն ժամանակ, Վարդանյանի ընկերությունները շարունակել են աճ գրանցել։ Գործարարը տարբեր հարցազրույցներում հաստատել է, որ, մասնավորապես, տեղական ծխախոտի սպառումը հայաստանյան շուկայում կազմում է 50-60 տոկոս։
2012 թվականի խորհրդարանական ընտրություններում Վարդանյանի երկու որդիներն խորհրդարան չեն մտել, իսկ 40-րդ ընտրատարածքից, համաձայն պաշտոնական տվյալների, ընտրվել է Վարդանյանի ընտանիքին պատկանող «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերության տնօրեն Մարինե Մարաբյանը, ով կոչված է խորհրդարանում պաշտպանել Վարդանյանի ընտանիքի բիզնես շահերը։ Վարդանյանին էր պատկանում նաև «Ար» հեռուստաընկերությունը։
2011 թվականին WikiLeaks կայքի կողմից գաղտնազերծված փաստաթղթերից մեկում Հայաստանում այն ժամանակվա ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը գրել է Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի բիզնես բուրգերի մասին՝ նշելով, որ Հրանտ Վարդանյանը գործում է Սերժ Սարգսյանի բիզնես բուրգում։
«Մեզ ասել են` նա Հայաստանի ամենահարուստ մարդն է», – Վարդանյանի մասին գաղտնի փաստաթղթում գրել էր Մարի Յովանովիչը:
Լուսանկարը՝ hayeli.am