հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Փոցխով կնոջը սպանած տղամարդը զղջում է․ ինչ են պատմում հարևանները

Փոցխով կնոջը սպանած տղամարդը զղջում է․ ինչ են պատմում հարևանները

Փետրվարի 15-ի գիշերը Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում բնակվող Գրիշա Մարտիրոսյանը փոցխով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջը: Ամբողջ մարմինը գյուղատնտեսական գործիքով ծակծկելուց հետո ամուսինը չի հանգստացել, ու նաև մետաղաձողով է հարվածել կնոջ գլխին: Դեպքի մասին գրել է «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության կողմից ստեղծված Արագ Արձագանքման Խմբի հետաքննող լրագրող Նելլի Բաբայանը։

Կնոջը սպանած տղամարդուն հարևանները լրագրողի հետ զրույցում բավական դրական են նկարագրել։ Բոլորը մեկ մարդու պես նույն բանն են ասել․ «Ոսկի տղա էր, շատ ափսոս, արտակարգ լավ մարդ էր»:

Սպանված կնոջ` Ժենյա Հարությունյանի մասին շատ բացասական կարծիքներ են հայտնել այդ նույն հարևանները։

Լրագրողը նշում է, որ կարծիքները բացսական են եղել, որովհետև Ժենյան չի համապատասխանել հայկական ադաթներով հայ կնոջ կամ օջախի պահապան կին կերպարին:

«43-ամյա Ժենյան, այսպես ասած` ոգելից խմիչքի հետ սեր ուներ, երբեմն ամուսնու հետ միասին խմում էին, գուցեև «տնական» կին չէր, և զանազան ճաշատեսակներ պատրաստել չգիտեր, կամ ասենք` փոքրիկ վագոն-տնակը, ինչպես հարևաններն էին պատմում, մաքուր ու կոկիկ չէր պահում։ Բայց արդյոք արժեր այս տեսակ վարքագծի համար կնոջը դաժանորեն սպանել․ «Դե չգիտենք, ամեն դեպքում, Գրիշան մեղկ է, ոսկի տղա էր, Ժենյան էդ խեղճ տղուն լավ չէր նայում», – հարևանների խոսքերը մեջբերում է Նելլի Բաբայանը:

«Է, լավը չէր կնիկդ, խմող էր, ինչ էր, թևից բռնեիր դուրս շպրտեիր, բաժանվեիր, ինչի՞ գազանի պես սպանեցիր, հո հավ չէ՞ր, վիզը պոկեիր մի կողմ շպրտեիր»,- լրագրողի հետ զրույցում ասել է Ժենյայի քույրը` Ժաննա Հարությունյանը:

Սպանությունը տեղի է ունցել ամուսինների համատեղ բնակության վագոն-տնակի բակում, Գրիշան սպանելուց հետո կնոջ դին ներս է բերել տնակ ու դրել թախտին, ինքն էլ հանգիստ պառկել քնելու:

Գործով զբաղվող քննչական խմբի ղեկավար, քննիչ Սպարտակ Պողոսյանն ասում է, որ միայն առավոտյան, երբ Գրիշան հայտնաբերել է, որ կինը չի շնչում, զանգահարել է կնոջ քրոջն ու հարևաններից մեկին, և հենց այդ հարևանն էլ նրան հորդորել է ինքնակամ ներկայանալ ոստիկանություն և զանգահարել շտապ օգնություն:

Քննիչը պատմում է, որ սպանության օրը Գրիշան էլ, Ժենյան էլ, որոնք փաստացի ամուսիններ էին, ոգելից խմիչք են օգտագործած եղել` Ժենյայի մահացած քրոջ հոգեհանգստի արարողությանը` Չարենցավան քաղաքում:

Ամուսինները Չարենցավանից վերադարձել են գյուղ Առատաշեն` Ժենյայի քրոջ տուն, Գրիշան Ժենյային թողել է քրոջ տանն ու նորից վերադարձել Չարենցավան: Իսկ Ժենյան սկսել է ամուսնուն կասկածել, թե Գրիշան գնում է սիրուհու մոտ, ապա, գուցե խանդից, ինքնատիրապետումը կորցրած Ժենյան, թեև ամուսնուն խոստացել էր, որ խելոք կսպասի նրա վերադարձին, խախտել է խոստումն ու զանգահարել սկեսրոջը, տեղեկացրել, որ ինքն էլ է պատրաստվում գնալ Չարենցավան` Գրիշայի հետևից:

«Մերն էլ զանգել ա Գրիշային ու ասել, թե կնիկդ գալիս ա: Գրիշան էլ կատաղած հետ եկավ մեր տուն, թե բա` ո՞ւր ա Ժենյան, հարցրեցի` ի՞նչ ա եղել, ասեց` տանում եմ, առավոտը կգաք դիակը կտանեք, երդվում եմ թոռներիս արև, հենց տենց էլ ասեց: Ժենյային մեր տունը թողելու պահին ստիպեց, որ իրա տղու` Հայկի արևով երդվի Ժենյան, որ հետևից Չարենցավան չի գնա, քուրս էլ երդվեց: Բայց հետո սկսեց մտածել, որ էդ տաքսու վարորդի հետ Չարենցավան մի հատ աղջկա մոտ են գնում. ու իրոք, մենք լսել էինք, որ Երևանից մի աղջիկ ա եկել Չարենցավան, ու էդ վարորդը պիտի գնար մոտը, դե Գրիշան էլ հետն էր, ու տենց խանդեց ու որոշեց գնա Գրիշայի հետևից: Գրիշան, որ կատաղած հետ եկավ, քրոջս ասում էր` բա դու իմ սրբության, Հայկի արևով էիր երդվել։ Էդ էր պատճառը, որ տենց գազանաբար գլուխը ջարդելով սպանել ա Ժենյային: Դա էլեկտրիկի իրա մեծ, կես մետրանոց գործիքով Ժենյայի գլուխը բացել ա, հետո փոցխով էնքան ա խփել, որ սիրտ, թոք ու մյուս օրգանները ծակել էր, օրգան չէր թողել», – պատմել է Ժաննա Հարությունյանը: Դեպքը գրեթե նույնությամբ Բաբայանին նաև քննիչն է ներկայացրել:

Գրիշային հարևանները գովում էին, ինչպես սպանվածի քույրն է վստահեցրել, որովհետև նա գյուղի էլեկտրիկն էր ու բոլորին օգնության էր հասնում ցանկացած պահի:

Էլեկտրաէներգիայի վարձը հարևաններն ամիսներով չէին վճարում, Գրիշան չէր էլ ստիպում, իսկ Ժենյան` հակառակը, վարձը չմուծող հարևաններին հորդորում էր գումարը շուտ փոխանցել։ «Այ դրա համար էլ գովում էին Գրիշային, քրջոս` քցում», – ասել է Ժաննան:

Գրիշային, որպես լավ աշխատող, մեզ հետ զրույցում նաև նրա գործատուն դրական է նկարագրում. «Շատ լավ ու բարեխիղճ աշխատող էր, իր պարտականություններից ավելին էլ էր անում»:

Գրիշա Մարտիրոսյանին սպառնում է 8-15 տարի ազատազրկում: Նախաքննական փուլն ավարտված է, գործն ուղարկվել է դատարան: Քննիչն ասել է` Գրիշան ամբողջությամբ մեղքն ընդունել է, զղջում է: