հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / ԼԳԲՏ+ / Հայաստանում պաշտոնյաները նպաստում են ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարմանը․ զեկույց

Հայաստանում պաշտոնյաները նպաստում են ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարմանը․ զեկույց

Հայաստանում սեռական կողմնորոշման և գենդերային ինքնությանն առնչվող խնդիրները հիմնականում դիտարկվում են միմիայն բացասական տեսանկյունից, ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանները ներկայացվում են որպես «ազգի դավաճաններ», իսկ ԼԳԲՏ անձիք՝ որպես հասարակության թշնամիներ: Այսպիսի երզակացության են եկել «ԼԳԲՏ անձանց իրավունքների իրավիճակը Հայաստանում» զեկույցի հեղինակները։ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի պատրաստած զեկույցում ամփոփում է ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց իրավունքների ոտնահարման հասարակական և կարևոր դեպքերը, միջոցառումները, որոնք տեղի են ունեցել 2013 թվականին:

«Հասարակական կյանքի ցանկացած ոլորտ ԼԳԲՏ անձանց համար դառնում է խտրականության, անմարդկային և արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի, բռնության կիրառման վայր: Պաշտոնատար անձանց կողմից արված հայտարարությունները միայն նպաստում են ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարմանը՝ ստեղծելով անպատժելիության մթնոլորտ:

Ինչպես նախորդող տարիների ընթացքում, 2013 թվականին ևս ՀՀ կառավարությունը չի փորձել անդրադառնալ ու լուծել սեռական կողմնորոշման հիմքով խտրականության հարցերը: Ավելին, վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ հասարակության մեջ նաև առկա խնդրո շուրջ գիտելիքների բացակայությունը և այս ամենի հետ կապված իրազեկվածությունը կաղում է», – ասված է զեկույցի հեղինակների տարածած հաղորդագրության մեջ:

Զեկույցում, մասնավորապես, անդրադարձ է արված ԼԳԲՏ անձանց իրավունքների ընդհանուր իրադրությանը՝ ինչպես են ԼԳԲՏ հարցերը մանիպուլացվում ընտրությունների ժամանակ և հետընտրական գործընթացներում, ինչպես են քաղաքական ոչ կայուն իրադրությունների ժամանակաշրջանում արհեստականորեն առաջ քաշվում ԼԳԲՏ հարցերի շուրջ քննարկումները։ Զեկույցում նաև անդրադարձ է արված ԼԳԲՏ հիմնահարցերի առնչությամբ օրենսդրական կարգավորումների բացակայությանը, ԶԼՄ–ներում ԼԳԲՏ հարցերի լուսաբանմանը, մարդու իրավունքների պաշտպանի` մարդու իրավունքները ոտնահարող հայտարարություններին այս առնչությամբ, ինչպես նաև «Գենդերային հավասարության» շուրջ առաջացած հասարակական հիստերիային։

«2013 թվականի ընթացքում Հայաստանը հետընթաց է ապրել հանդուրժողականության տեսանկյունից, որը պարբերաբար բարձրաձայնվել է, և ավելին, ձախողվել է գենդերային հավասարության շուրջ ձևավորված համազգային բանավեճի ընթացքում: Պետական պաշտոնյաները թողություն են տալիս ԼԳԲՏ անձանց նկատմամբ իրականացված բռնի արարքներին՝ բնութագրելով բռնությունը որպես «ազգային արժեքների» պաշտպանություն», – նշում է «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն:

Զեկույցն ամբողջությամբ հասանելի է հայերեն՝ այստեղ

Անգլերեն՝ այստեղ