Քանի դեռ Ռուսաստանը չի չեզոքացվել համաշխարհային տնտեսական, դիվանագիտական ու այլ պատժամիջոցներով, Ղարաբաղում խաղաղության մասին խոսք գնալ չի կարող։ Ադրբեջանական Contact.az-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն։
«Ավելին՝ կա վտանգ, որ Պուտինը, տեսնելով իր անպատժելիությունն Ուկրաինայի հարցում, կարող է գնալ սադրանքների Ադրբեջանի դեմ, քանի որ մեր երկիրը բաց է հարվածի համար երեք կողմերից։ Մի ժամանակ մեր մամուլում մտավախություններ էին հնչում, թե Ռուսաստանը մեծացնում է իր ուժերը Հյուսիսային Կովկասում։ Այնտեղ արդեն 70 հազարանոց բռունցք է ստեղծվել։ Մյուս կողմից, ռուսաստանյան ռազմական նավերն արդեն փորձարկել են Աստրախանից Բաքու ճանապարհը։ Աստրախանում գտնվող ռուսաստանյան ռազմական նավատորմն արդիականացվել է։
Ռուսաստանն Ադրբեջանում կարող է ցանկացած սադրանք կազմակերպել․ հինգերորդ շարասյուն այստեղ կա։ Դրա համար, դեռևս 1998 թվականին, ես առաջարկում էի Ադրբեջանում ՆԱՏՕ-ի բազաներ ստեղծել՝ իմանալով, թե մենք որքան խոցելի ենք»,- մասնավորապես, ասել է Գուլուզադեն։
Հարցին՝ արդյոք նա որևէ փոփոխություններ ակնկալում է, քաղաքագետը պատասխանել է․ «Ղարաբաղյի հարցում որևէ փոփոխություն չեմ ակնկալում։ Ռուսաստանի կողմից Ղրիմի օկուպացիան տեղի ունեցավ ռուսաստանյան բանակի արդիականացման ու տեղեկատվական պատերազմի նոր տեխնոլոգիաների շնորհիվ։
Ինչպե՞ս կարող է Արևմուտքը կարգավորել Ղարաբաղի հարցը, հարցի վերաբերյալ նրա մոտեցումներում ի՞նչ է փոխվել։ Բացարձակապես ոչինչ։ Արևմուտքը, իհարկե, տնտեսական պատժամիջոցների միջոցով կարող է Ռուսաստանին հասցնել նրան, որ երկիրը հրաժարվի զավթողական քաղաքականությունից ու զիջումների գնա Հարավային Կովկասում։ Բայց արդյո՞ք արևմտյան քաղաքական գործիչները ցանկանում են դա անել Ռուսաստանում (երկիր, որը զինված է անթիվ միջուկային մարտագլխիկներով) տնտեսական ճգնաժամի խորացման պայմաններում։ Դա է հարցը»։