հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Գազպրոմ Արմենիա»-ն հերքում է Հովիկ Աբրահամյանի ասածը․ «ՀԺ»

«Գազպրոմ Արմենիա»-ն հերքում է Հովիկ Աբրահամյանի ասածը․ «ՀԺ»

«Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի հետ կապերի պատասխանատու Շուշան Սարդարյանի պատասխանը հերքում է երեկ Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ասածը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Թերթը նշում է, որ Աբրահամյանը երեկ Ազգային ժողովում հայտարարել է, թե մայիսի 17-ին Հյուսիսային Կովկասում տեղի ունեցած սողանքի պատճառով Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը դադարեցվել է և որ վթարից հետո Հայաստանը բնական գազի կարիքները հոգում է Իրանից գազ ներմուծելով. «Արդեն չորրորդ օրն է, մենք գազ չենք ստանում Ռուսաստանից և Իրանից բնական գազի օրական ներմուծումները հասցրել ենք 2 միլիոն խորանարդ մետրի, և այդ մասով ես լուրջ տրամադրված եմ և շատ եմ կարևորում Իրանի հետ մեր համագործակցությունը»,– պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հարցին պատասխանելիս՝ ասել է Հովիկ Աբրահամյանը։

«ՀԺ»-ի բնորոշմամբ՝ դա շրջադարձային հայտարարություն է. Աբրահամյանը քիչ չի հայտարարում է, որ ներքին կարիքների համար Իրանից գազ է ներմուծվում Հայաստան, դեռ մի բան էլ ասում է, որ այս հարցում վճռական է տրամադրված Իրանի հետ հարաբերությունները խորացնելու համար։

Ստեղծված վիճակի մասին թերթի թղթակիցը հետևյալ հարցն է ուղղել Շուշան Սարդարյանին. «Ռուսաստան-Հայաստան գազատարի վնասման պատճառով ՌԴ-ից Հայաստան գազ չի մատակարարվում։ Ինչպե՞ս է բավարարվում գազի նկատմամբ հայաստանյան սպառողների պահանջարկը, որքանո՞վ է այն լրացվում գազապահեստարանների և որքանով Իրանից ստացվող գազի հաշվին»։

«Ներկայումս Հայաստանում գազի սպառումը կազմում է օրական մոտավորապես 3 միլիոն խորանարդ մետր։ Իրանից ստացվող գազը ուղղվում է Երևանի ՋԷԿ՝ պայմանագրային պարտավորություններին համապատասխան չափաքանակներով։ Իսկ այլ սպառողներին անհրաժեշտ գազը մատակարարվում է գազապահեստարաններում կուտակված գազի հաշվին։ Գազատարի վնասումը որևէ կերպ չի անդրադարձել սպառողներին մատակարարվող գազի ծավալների վրա և գազի նկատմամբ պահանջարկը բավարարվում է ամբողջ ծավալով», – հայտարարել է Սարդարյանը։

Թերթն ընդգծում է, որ պատասխանը հերքում է Հովիկ Աբրահամյանի ասածը, և իրավիճակը դեռ պարզաբանման կարիք ունի։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում