ԱԺ մեծ օրակարգում է գտնվում ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, որով առաջարկվում է ԶԼՄ-ների հրապարակումներն այլևս չհամարել քրեական գործ հարուցելու համար բավարար հիմք:
ԶԼՄ-ների «միջամտությունը» քրեական գործեր հարուցելուն սահմանափակվում է ոչ միայն նշված փոփոխությամբ․ նոր օրինագծով մեծացվում է մասնավոր մեղադրանքով գործերի ցանկը, իսկ նման մեղադրանքով վարույթներ սկսելու համար տուժող կողմի բողոքը պարտադիր է:
Մասնավոր մեղադրանքի գործեր են դարձել, օրինակ, անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ առողջությանը ծանր և միջին ծանրության վնաս պատճառելու, ծեծի, վտանգի մեջ թողնելու, հեղինակային ու հարակից իրավունքները խախտելու, զավակի կողմից անաշխատունակ ծնողին պահելուց չարամտորեն խուսափելու, գույքն անզգուշությամբ ոչնչացնելու կամ վնասելու, ապրանքային նշանն ապօրինի օգտագործելու, վաշխառության կամ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մասին հոդվածները:
Այս պահին վերոնշյալ հոդվածների տակ ընկնող գործերը համարվում են հանրային մեղադրանք և վարույթը պետք է սկսվի անկախ նրանից տուժողը բողոքում է, թե ոչ:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, իրավաբան Արփինե Հովհաննիսյանը փոփոխությունը դրական է գնահատում:
«Նախաքննության մարմինը, քննիչն ինքը պետք է որոշի ԶԼՄ-ի հաղորդման վրա գործ հարուցել, թե ոչ: Հաճախ ԶԼՄ-ների հրապարակումները, ըստ էության, ավելի շատ ասեկոսեների, բամբասանքի մակարդակի են լինում, քան հիմնավորված փաստերի: Իսկ քրեական գործ հարուցելը ենթադրում է մի շարք գործողությունների կատարում, որոնք առնչվում են մարդու իրավունքներին, բերման ենթարկելուն և այլն»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ դրական է նաև այն, որ եթե, այնուամենայնիվ, քննիչը վստահում է հրապարակմանը, գտնում է դրանում փաստեր, ապա տվյալ ԶԼՄ-ն օգտվում է հաղորդում ներկայացրած անձի համար օրենսգրքով սահմանված բոլոր իրավունքներից:
Ինչպես նկատել է Արփինե Հովհաննիսյանը, օրինակ, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հարցով մեծ թվով քրեական գործեր էին հարուցվում, ինչն օրենքն ընդունվելու դեպքում չի լինի: Պատգամավորի խոսքով՝ նման դեպքերը նաև կոռուպցիոն ռիսկ են պարունակում:
ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա գործ հարուցելու մասին օրենսդրական փոփոխությանը անդրադառնալով՝ փաստաբան Հարություն Բաղդասարյանն ասել է, որ փոփոխությունը դրական է և ամբողջ աշխարհում ԶԼՄ-ների իրավունքների սահմանափակման տրամաբանության մեջ: Սակայն, ըստ փաստաբանի, մարդու իրավունքների տեսակետից դա լավ փոփոխություն չէ, քանի որ հաշվի չի առնում հայաստանցի տուժողների հոգեբանությունը:
«Հայաստանում շատ կարևոր են խնամիաբարեկամական հարաբերությունները: Ամեն մարդ մտածում է իր հարևանների կարծիքի մասին, նա խնդիր ունի իր հարևանին բարև տալու հետ: Նա կաշկանդված է բողոքել: Տանը ծեծի ենթարկված կինը չի բողոքի իր ամուսնու դեմ: Փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում, երբ տեղական առանձնահատկությունը հաշվի չի առնվում, օրենքները չեն գործում: Այս օրինագիծն էլ, եթե նույնիսկ ընդունվի, այն չի գործի, էլի փոփոխությունների կարիք կառաջանա»,- ասել է փաստաբանը: