Աշտարակի խճուղի-Նորագավիթ ավտոճանապարհի երկայնքով ամիսներ շարունակ ինչ-որ անհայտ կազմակերպության կողմից իրականացվող խողովակաշարերի հեռացման աշխատանքները վերածվել են ծառերի զանգվածային ոչնչացման։ Այս մասին Epress.am-ին ահազանգել է Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը։
Դեպքի վայր այցելած Epress.am-ի թղթակցի հետ զրույցում Նորագավիթի բնակիչները պատմել են, որ ինչ-որ ընկերություն, որի ներկայացուցիչները չեն նշում ովքեր են, առանց թույլտվության առկայության տրակտորով գետնի տակից փորում-հեռացնում է Մասիսից եկող մի քանի կիլոմետրանոց խողովակաշարը։ Վերջին օրերին հերթը հասել է տարիներ շարունակ մշակած հողատարածքներին։
Նրանց խոսքով՝ նախկինում որպես աղբանոց ծառայած հողատարածքները մարդիկ վերածել են կանաչ տարածքների, սակայն այժմ առանց որևէ փաստաթղթի անհայտ անձինք ոչնչացնում են իրենց տարիների վաստակը։
Բնակիչներից մեկը, ով չի ներկայացել, մեր թղթակցին պատմել է, որ այգիները ամեն դեպքում պետք է քանդվեն, սակայն Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչները պարտավորվել են իրենց փոխհատուցում վճարել։ Նրանք անգամ եկել ու համարակալել են ծառերը, որպեսզի հետագայում զբաղվեն փոխհատուցման խնդիրներով։
«Մեզ ասացին, որ մինչև հունիս-հուլիս ամիսը կսկսեն փոխհատուցումները վճարել, քանի որ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին անցնելու է այս տարածքով։ Հիմա շաբաթը ուրբաթից շուտ եկավ, մինչև փոխհատուցում տալը մի ուրիշ կազմակերպություն եկել ու առանց որոշման ավերակի է վերածում տարածքը՝ չկան ծառեր, չկա փոխհատուցում։ Մեր պահանջը մեկն է՝ եթե ավտոճանապարհ է կառուցվում, մենք ավելի ուրախ ենք Հայաստանի զարգացման համար, բայց թող փոխհատուցեն ժողովրդի քրտինքի դիմաց։ Թող տեսնեն, որ գումարները նստել են, բայց մեզ ոչ մի դրամ չեն փոխանցել, փոխարենը անհասցե մեկի բերել են, որ քանդի, բնաջնջի ամբողջ կանաչ տարածությունը ու վերջանա», – ասել է մեր զրուցակիցը։
Բնակիչները հայտարարել են, որ վաղը բողոքի ակցիա են անելու ու ոչ մի դեպքում թույլ չեն տալու, որպեսզի աշխատանքները վերսկսվեն։
Նշենք, որ մեր թղթակցի այցի պահին աշխատանքները դադարեցված են եղել։ Քանի որ աշխատանքային օրն ավարտվել էր, մեզ չի հաջողվել նաև կապվել որևէ գերատեսչության հետ՝ պարզելու, ովքեր են իրականացնում այդ աշխատանքները։