ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը վստահ է, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ երեկվա ակցիային պետք է մասնակցեր ոչ թե 50 հոգի, այլ բոլորը։
«Տխուր է, որ մեզ մոտ բազմոցային, խոհանոցային ընդդիմություն է: «Ֆեյսբուքում» լայքելով ընդդիմություն է: Իսկ նման ընդդիմությունով Սերժի ախորժակի դեմ չես պայքարի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է պատգամավորը։
Անդրադառնալով ոստիկանության կողմից բռնության կիրառմանը՝ Մանուկանն ասել է․ «Ուզում են ջարդել այն 50 հոգուն, ով դուրս էր եկել փողոց, որպեսզի մարդիկ հետագայում չբողոքեն»։
Պատգամավորը հերթական անգամ հայտարարել է, որ էլեկտրաէներգիայի թանկացումը բացարձակապես արդարացված չէ, քանի որ, օրինակ, գազի գնի թանկացումից էլեկտրաէներգիան պետք է թանկանար 1,2 դրամով, այլ ոչ թե 8: Նշենք, որ անցյալ տարի 1 կվ/ժ էլեկտրաէներգիայի սակագինը 30-ից դարձավ 38 դրամ, այժմ էլ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է այն թանկացնել ևս 4 դրամով։
Քանի որ արդեն հայտնի է ԱԺ գազային հանձնաժողովի նախնական եզրակացությունը, Արամ Մանուկյանն ասել է, որ իր կասկածները փաստերով են հիմնավորվել:
«Ես մասնակցեցի այս հանձնաժողովին ընդամենը այն բանի համար, որ ես ճիշտ եմ: Բոլոր կասկածները, որ ունեի, ապացուցվել են: Պարտքի գոյացումը, գնահատումը ապօրինի են, թանկացումը անհիմն է, հազար հոգի աշխատող են ավելացրել, ամեն մեկի աշխատավարձը բարձրացրել են, ծախսերը չափազանցված են, և այդ ամեն մեր բոլորի վզին է: Եթե մեր հանձնաժողովը լավ գործի, պետք է աշնանը պահանջ ներկայացնենք գազի գինն իջեցնելու համար, քանի որ դա միանշանակն հնարավոր է: Հանձնաժողովի լավն այն է, որ իմ ասածներն ապացուցվում են փաստաթղթերով»,- ասել է Արամ Մանուկյանը: