Բողոքի երթով «Նաիրիտ» գործարանից կառավարության շենքի մոտ եկած տասնյակ նաիրիտցիներ պահանջել են իրենց՝ մոտ 2 տարի չվճարված աշխատավարձերը, ինչպես նաև պարզաբանում ներկայացրել գործարանի անորոշ ճակատագրի մասին։
Մինչ նաիրիտցիները պատմում էին իրենց «անճար ու թշվառ վիճակի մասին», վարչապետ Հովիկ Աբրահամյանը մուտքի մոտ զրուցել է երթի կազմակերպիչների հետ՝ առաջարկելով «համբերել»։
Նա ասել է, որ մասնակիցները 20 հոգանոց խումբ կազմեն և կառավարության նիստից հետո՝ «ավելի առարկայական խոսելու համար» բարձրանալ հանդիպման։
Ավելի ուշ Epress.am-ի թղթակցի հետ զրույցում ակցիայի մասնակիցները նշել են, թե վարչապետի խոսքը հավատ չի ներշնչում, քանի որ նմանատիպ խոստումներ մինչ այս էլ շատ են լսել։
«Ինչի՞ն վստահենք, 17 ամիս աշխատավարձ չստացողի հալը ի՞նչ պետք ա լինի, սաղ օրը 200 դրամ ընտանիքի անդամներից, հարևաններից, թաղամասի խանութներից մուրում ենք, որ գնանք աշխատանքի, էդ վարչապետը նոր էր լսում ու դեռ նո՞ր պետք ա քննարկի», -բողոքել են մեր զրուցակիցները։
Հիշեցնենք, որ չվճարված աշխատավարձերի, գործարանի վերագործարկվելու ու իրենց հետագա ճակատագրի հետ կապված վերջին տարվա ընթացքում նաիրիտցիները պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմնակերպել թե կառավարության շենքի, թե Բաղրամյան 26-ի մոտ։