Սերժ Սարգսյանի ուշացման պատճառով «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչները փոխել են ֆիլմերի նախապես հայտարարված ժամերը՝ որոշ ժամանակով հետաձգելով դրանց ցուցադրությունը։
Հայ քահանա Մեսրոպ Արամյանի սցենարի հիման վրա ռուսաստանցի ռեժիսորի նկարահանած «Գիրքը» ֆիլմը դիտելու համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ժամանել է «Մոսկվա» կինոթատրոն։ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում ցուցադրված Վիտալի Մանսկիի ֆիլմի նկարագրության համաձայն, սցենարի հեղինակը ոգեշնչվել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գրքից, իսկ ֆիլմի հերոսը հայի հավաքական կերպարն է, ով ապրում է մերօրյա աշխարհում, որտեղ կարևորված չէ կյանքի իմաստի որոնումը:
Սերժ Սարգսյանը ֆիլմի դիտմանը ժամանել էր Կրթության նախարար Արմեն Աշոտյանի, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ։ Նրանց այցին ընդառաջ կինոթատրոնի մուտքի մոտ կարմիր գորգ էր փռվել, իսկ կինոդահլիճի դիմաց դեղադրվել էին մետաղաորոնող սարքեր։
Պաշտոնական պատվիրակությունը ժամանել է 40 րոպե ուշացումով, ինչի հետևանքով Ֆիլմը ցուցադրվել է նախապես հայտարարված ժամից մոտ 1 ժամ անց։ Բնականաբար, հետաձգվել է ոչ միայն «Գիրք» ֆիլմի ցուցադրությունը, այլև դրանից հետո նույն դահլիճում ցուցադրվելիք բոլոր ֆիլմերինը, այդ թվում՝ կորեացի ռեժիսոր Կիմ Կի Դուկի «Պիետա» ֆիլմը։
Ժամանակացանկի փոփոխությունը Կիմ Կի Դուկի ֆիլմի համար կինոթատրոն եկած մարդկանց դժգոհությունն է առաջացրել։ Նրանցից մի քանիսը Epress.am-ի թղթակցի հետ զրույցում ասել են, որ ուշացման պատճառով ստիպված են չդիտել ֆիլմը՝ վերադարձնելով կամ այլոց փոխանցելով գնած տոմսերը։ Բացի դա, մարդիկ դժգոհում էին, որ Սերժ Սարգսյանի թիկնազորի անդամները խոչընդոտում էին իրենց ազատ տեղաշարժը՝ արգելելով կանգնել կինոթատրոնի որոշ հատվածներում մինչ Սարգսյանը դահլիճում ֆիլմ էր դիտում։
«Ոսկե Ծիրան» կինոփառատոնի հասարակայնության հետ կապերի բաժնից Epress.am-ի հետ զրույցում հրաժարվել են մեկնաբանել ֆիլմերի ժամերի փոփոխությունը։
Լուսանկարը՝ president.am