Հուլիսի 13-ին Նոր Նորք համայնքի թիվ 114 մանկապարտեզի բակում մի քանի տղամարդ դաժան ծեծի է ենթարկել 55-ամյա ազատամարտիկ Վարդան Թումանյանին, ով մարտական ընկերների շրջանում հայտնի է իբրև «Ձի Վարդան», գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ դեպքը համեմատելով 2012 թվականին տեղի ունեցած «Հարսնաքարի» ողբերգության հետ։
Թերթը նշում է, որ ծեծի հետևանքով ազատամարտիկը մահացել է։
«Երեկ խմբագրություն այցելած սևազգեստ կանայք [Թումանյանի հարազատները] լացը կոկորդում պատմում էին, որ Վարդանին սպանել են մի քանի հոգի, ովքեր կարատեի և այլ մարտարվեստների չեմպիոններ են և այժմ Նոր Նորքի «ԷԼԼԱ» գիշերային ակումբում «ախրաննիկ» են աշխատում: Նրանց «կռիշան» դատախազներ են», – գրում է թերթը։
Ազատամարտիկի կինը՝ Տանյան, պատմել է, որ թաղի տղամարդկանցից մեկի՝ Բաբկենի և իր ամուսնու վեճը սկսվել է բակում, երբ Բաբկենն ընկերոջ հետ շախմատ են խաղացել ու վիճաբանել են, ազատամարտիկը միջամտել է, ինչը դուր չի եկել Բաբկենին։ Վերջինս խաղատախտակով հարձակվել է Վարդան Թումանյանի վրա։ Ազատամարտիկը հրել է Բաբկենին, իսկ վերջինս մի քանի րոպե անց իր որդուն է ուղարկել՝ Գևորգ Սարգսյանին, ով հայտնի է Ջունգլ մականունով։ Սարգսյանն իր ընկերների հետ Վարդանին հրավիրել էզրուցելու, պահանջել է ներողություն խնդրել, իսկ, կնոջ խոսքով, երբ ազատամարտիկը հարցրել է՝ ինչի համար, նրան սկսել են ծեծի ենթարկել։
Վարդանը գլխի սալջարդ է ստացել ու դեպքից 2 օր անց մահացել է հիվանդանոցում, անգամ վիրահատությունը չի օգնել։
Թերթը նշում է, որ ոստիկանությունում դեպքի առիթով քրգործ է հարուցվել, բայց հոդվածը դեռ որոշված չէ։ Գևորգ Սարգսյանը և նրա բարեկամներից մեկը ձերբակալված է, մեկ այլ անձ փախոստի մեջ է։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում