ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը համարում է, որ սահմանամերձ գյուղերի բնակիչներին հարկավոր է զինել։ Facebook սոցիալական ցանցի իր էջում հուլիսի 26-ին կատարած գրառման մեջ նա հիշատակում է հատված 2013 թվականի նախագահական ընտրություններին ներկայացված իր բանակային ծրագրից՝ ընդգծելով, որ միակ թեկնածուն էր, ով նման ծրագիր ուներ։
«Սահմանային գյուղերի բնակիչներին պետք է զինել և ամրագրել որոշակի զինական պարտականություններ։ Մշտապես։ Դրա համար նրանց պետք է ամսական փոքրիկ վարձատրություն նախատեսել։ Վարձատրության չափերը պետք է բազմապատկել պատերազմական գործողությունների ժամանակ», – իր ծրագրից հատված է մեջբերել Հրանտ Բագրատյանը։
Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ավելի վաղ դեմ էր արտահայտվել սահմանամերձ գյուղերի բնակիչներին զինելու գաղափարին։