հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Սահմանը հիմնականում հատում են մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ․ նախարար

Սահմանը հիմնականում հատում են մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ․ նախարար

ՀՀ ՊՆ սահմանային գոտիներում հակառակորդի դիվերսիայի դեմ պայքարելու համակարգ է ստեղծել։ Այս մասին այսօր Երևանի պետական համալսարանում դասախոսների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Նրա խոսքով՝ վերջին շրջանում հակառակորդի դիվերսիոն գործողությունները խափանվել են սահմանին ստեղծված այդ ինժեներական սարքավորումների շնորհիվ։

Անդրադառնալով սահմանամերձ գյուղերի բնակիչների կողմից սահմանը հատելու դեպքերին՝ Օհանյանն ընդգծել է, որ լեռնային հատվածներում հնարավոր չէ վերահսկել սահմանի յուրաքանչյուր մետրը և բաց գոտիներում հատուկ նշաններ են դրված։ Օհանյանը պնդել է, որ սահմանը հատածների հիմնական մասը մտավոր խնդիրներ է ունեցել, և նրանք տեղադրված նշանների վրա ուշադրություն չեն դարձրել։

Պաշտպանության նախարարը վստահություն է հայտնել, որ չնայած «հակառակորդը չի կարողանում հանգիստ նստել», հայկական կողմն այնպիսի պայմաններ է ստեղծել, որ Հայաստանի և Արցախի հետ անհնար է պարտադրանքի լեզվով խոսել, իսկ «Արցախի ինքնորոշմանն այլընտրանք չկա»։

Նշենք, որ վերջին ամիսների ընթացքում հայկական կողմից հայ֊ադրբեջանական սահմանը հատել են սահմանամերձ գյուղերի մի քանի բնակիչներ՝ Մամիկոն Խոջոյանը, Արսեն Խոջոյանը, Կարեն Պետրոսյանը։ Հայաստանյան ԶԼՄ֊ներում հաղորդումներ են հայտնվել այն մասին, որ, մասնավորապես, Մամիկոն Խոջոյանը և Կարեն Պետրոսյանը մտավոր շեղումներ են ունեցել։