Արևելյան գործընկերության երկրներում մամուլի ազատության մակարդակով 2014 թվականի առաջին կիսամյակում առաջատարը Վրաստանն է եղել։ Այս մասին ասված է «Մամուլի ազատությունն Արևելյան գործընկերության երկրներում» զեկույցում։
Մամուլի ազատության ցուցիչով երկրորդ տեղում Մոլդովան է, երրորդում՝ Ուկրաինան։ Հայաստանն այս տարի իր տեղը զիջել է Ուկրաինային ու հայտնվել 4-րդ հորիզոնականում: Ադրբեջանն ու Բելառուսը եզրափակում են աղյուսակը, հայտնում է mediafreedomwatch.org կայքը։
Մամուլի ազատության ցուցիչը կազմում է միջազգային «Ինտերնյուս-Ուկրաինա» կազմակերպությունը՝ Արևելյան գործընկերության մյուս հինգ երկրների հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ։
Ցուցիչը հաշվարկվում է մասնակից երկրների՝ 4 անվանակարգերում ստացած միավորների հիման վրա՝ քաղաքականություն, գործնական կիրառում, հեռուստառադիոհեռարձակում և ինտերնետ/նոր մեդիա։
Քաղաքականության բաժինը սահմանում է երկրի Սահմանադրությամբ լրագրողներին ու մամուլին տրամադրվող իրավունքներն ու ազատությունները, դրանց համապատասխանությունը միջազգային չափանիշներին, պաշտոնական մարմինների կողմից գրաքննության առկայությունը և այլն։ Առավելագույն միավորը 240֊ն է։ Այս բաժնում Հայաստանը հավաքել է 170 միավոր։ Առաջատարը՝ Վրաստանը՝ 207, Ադրբեջանը՝ 124 միավոր։
Գործնական կիրառում անվանակարգը սահմանում է պետության դերը լրագրողների ու մամուլի իրավունքների ու ազատությունների ապահովվման հարցում, առավելագույն միավորը 1110֊ն է։ Այստեղ առաջատար Վրաստանը հավաքել է 947 միավոր, Հայաստանը՝ 603, Ադրբեջանը՝ 344 միավոր։
Հեռարձակման բաժինը սահմանում է հեռարձակող ընկերությունների ազատության մակարդակը, տրամադրվող եթերաժամն ու նմանատիպ այլ չափանիշներ։ Առավելագույն միավորը 150֊ն է, որից Հայաստանը հավաքել է 65, Վրաստանը՝ 119֊ը, Ադրբեջանը՝ 41 միավոր։
Ինտերնետ/նոր մեդիա անվանակարգում սահմանում է ինտերնետային ԶԼՄ֊ների ազատության մակարդակը։ Այս բաժնում առավելագույն միավորը 150֊ն է։ Առաջատար Վրաստանը հավաքել է 136 միավոր, Հայաստանը՝ 117, Ադրբեջանը՝ 51 միավոր։
Վարկանիշը կազմելիս հարցումներ են անցկացվել մեդիա ոլորտի շուրջ 60 փորձագետների շրջանում։