հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Վարչապետը՝ ոչ իշխանական ուժերին. «Նոր Մարտի 1 ե՞ք ուզում»

Վարչապետը՝ ոչ իշխանական ուժերին. «Նոր Մարտի 1 ե՞ք ուզում»

Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը  հայտարարել է, որ չի հասկանում՝ ո՞րն է Քառյակի (ՀԱԿ, Ժառանգություն, ՀՅԴ, ԲՀԿ) ցանկությունը՝ մի՞թե նոր Մարտի 1։ Աբրահամյանն իր ելույթը հնչեցրել է ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանի հարցին ի պատասխան, ով հարցրել է փոքր և միջին ձեռնարկատերերի բողոքի ակցիաներից, որոնք վերջին շաբաթվա ընթացքում անցկացվում են Երևանում և Գյումրիում:

Աբրահամյանի խոսքով՝ կողմերի միմյանց չհասկանալու պատճառն այն է, որ ոչ իշխանական քառյակը քննադատում է Կառավարությանը, սակայն չի գալիս Կառավարության հետ որոշումները քննարկելու և դրանք փոփոխելու, մասնավորապես, չի մասնակցում Փոքր և միջին ձեռնարկատերերի  համար «Շրջանառության հարկի մասին» օրենքի քննարկմանը։ 

«Դուք դժվար լինեք (իշխանության- խմբ․), եթե այս ձևով շարունակեք: Դուք մի ճամբար եք ընտրել… իբր մտածում եք ժողովրդի մասին։ Այդ մենք ենք մտածում ժողովրդի մասին։ Մեզ ժողովուրդը ընտրել է, և մենք աշխատում ենք։ Մենք փաթեթ ենք ներկայացրել ՓՄՁ-ների համար։ Զանգ եմ տալիս, ԱԺ նախագահն ասում է, որ մարդիկ հրաժարվում են քննարկումից: Բա ձեր ցանկությունն ի՞նչ է։ Որ այս երկրում իշխանափոխություն լինի, հեղափոխություն լինի… չի լինելու դա, նոր Մարտի 1 ե՞ք ուզում էս երկրում։ Ձեր ցանկությունն ի՞նչ է», – հարցրել է վարչապետը։

Նա չի մանրամասնել, սակայն, թե ինչ նկատի ունի՝ ասելով «նոր Մարտի 1»:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանական ուժերը բռնության գործադրմամբ ցրել են ընդդիմության վրանային քաղաքը։ 2008-ի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններից հետո ընդդիմադիրները 10 օր խաղաղ հավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում։ Նույն օրը՝ մի քանի ժամ անց, մարդիկ հավաքվել են Գրիգոր Լուսավորիչ փողոցում։ Երեկոյան ցուցարարների դեմ հրազեն է կիրառվել։ Սպանվել է 10 մարդ՝ 2 ոստիկան և 8 քաղաքացիական անձ։ Մինչ օրս սպանությունների համար ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել, ոչ ոք չի դատապարտվել։