ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանի դեմ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու հատկանիշներով քրեական գործի հարուցումը մերժելն ակնհայտ անարդար որոշում է։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՔԾ֊ի որոշմանը նման գնահատական է տվել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանը հարձակվել է ակցիա լուսաբանող լրագրողների վրա՝ հարվածելով «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանին և գցելով նրա ձեռքին եղած նկարահանող սարքը։
«Դատախազությունը հանձնարարեց Հատուկ Քննչական ծառայությանը ուսումանսիրել միջադեպը, իսկ ՀՔԾ֊ն մերժեց քրեական գործ հարուցել հանցակազմի բացակայության պատճառով, մինչդեռ հանցակազմն լրատվամիջոցներում տեղադրված էր»,֊ ասել է Մելիքյանը։
Մելիքյանը նկատել է, որ իր որոշման մեջ ՀՔԾ քննիչը նշել էր, թե քրեական գործ չի հարուցվում այն պատճառով, որ մի հարվածը ֆիզիկական բռնություն չի կարող համարվել։
Որոշումը որպես կողմնակալ է գնահատել նաև Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։
«Հիմա պատկերացրեք՝ ես հարվածեի այդ գբշնիկին, կամ այդ աղջիկը հարվածեր, ակնհայտորեն քրեական գործ էր լինելու։ 2004 թվին Էդգար Առաքելյանը դատարկ շշով Բաղրամյան փողոցում մենթին խփել էր, երկու տարվա պատիժ ստացավ», ֊ ասել է նա։