Հուլիսի կեսերին Քարվաճառում (Քելբաջար) ձերբակալված ադրբեջանցիներ Դիլգամ Ասքերովի և Շահբազ Գուլիևի պաշտպան Արկադի Իսրայելյանը, ինչպես նաև 17-ամյա Սմբատ Ցականյանի (լուսանկարում) սպանության գործը քննող քննիչ Չալյանը հրաժարվել են գործի մանրամասների մասին խոսել։ ԼՂՀ դատախազության համաձայն, Ցականյանին սպանել են Ասքերովն ու Գուլիևը։
«Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում Արկադի Իսրայելյանը չի նշել՝ քանի՞ հատոր է գործը, իր պաշտպանյալներն ընդունո՞ւմ են առաջադրված մեղադրանքները, թե՝ ոչ։
Քննիչ Չալյանը, պատասխանելով «ՀԺ»֊ի լրագրողի հարցին, թե ո՞րն էր պատճառը որ նախաքննությունն այսքան շուտ է ավարտվել, մասնավորապես, ասել է․ «Ես նման հարցերի չեմ կարող պատասխանել․․․ Թե ի՞նչ է պարզվել նախաքննությամբ՝ ձեզ ասելու իրավունք չունեմ։ Հնարավոր է, որ դատական նիստերը դռնբաց լինեն, և լրագրողները մասնակցեն»։
Թերթը զրուցել է նաև Սմբատ Ցականյանի ծնողների հետ, որոնք նույնպես գործի նյութերին ծանոթ չեն։
«Սպասում ենք դատաքննության, մեզ նախաքննական մարմինն ասում է դատ պետք է լինի, իրենց էլ պետք է ցմահ դատեն։ Մենք որևէ բան չգիտենք, մեզ գործի նյութերը չեն տրամադրել, ասում են, որ գաք դատական նիստերին ամեն ինչ էլ կիմանաք, թե ոնց են սպանել երեխային ոնց են տարել․․․
17 տարեկան տղուս գլուխը տարան, կերան, բա ստեղ պետություն կա՞, մտնեն մի քանի օր թուրքերը նկարվեն տարածքում, ինչ ասես անեն, ու չիմանան, որ տարածքում թուրքեր կան, ինչի՞», ֊ մասնավորապես, ասել է Սմբատ Ցականյանի մայրը՝ Կարինե Ցականյանը։
Հայրը՝ Մեխակ Ցականյանը հաստատել է, որ ոստիկանությունն իրենց «ոչ մի բան չի ասում»։
«Դա գաղտնի իրենց ասելով, բայց թե ինչո՞ւ, չենք հասկանում մենք», ֊ նշել է Մեխակ Ցականյանը։
Հոդվածն ամբողջությամբ՝ օրաթերթի այսօրվա համարում
Նշենք, որ պաշտոնական Բաքուն պնդում է, որ ձերբակալված Դիլգամ Ասքերովը և Շահբազ Գուլիևը երկրի Զինված ուժերի հետ որևէ առնչություն չունեն։ Հայկական կողմը հրաժարվում է ձերբակալվածներին ռազմագերու կարգավիճակ տրամադրել՝ պնդելով, որ նրանք դիվերսանտներ են եղել։
Լեռնային Ղարաբաղի դատախազությունը նրանց մեղադրում է լրտեսության, առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու, զենքի գործադրմամբ, մարդուն առևանգելով զուգորդված ազգային ատելության շարժառիթով սպանության, կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեջ:
Պաշտոնական մարմինների համաձայն՝ Ասքերովն ու Գուլիևը, բացի Ցականյանից, սպանել են 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանին և վիրավորել են 37-ամյա Կարինե Դավթյանին։