Հայաստանցի փորձագետներն ու քաղաքական գործիչները Ռուսաստանի տնտեսության վերականգնման հարցում ավելի լավատես են, քան ռուսներն իրենք, գրում է «168 ժամ» պարբերականը՝ անդրադառնալով արևմտյան պատժամիջոցների ֆոնին Ռուսաստանում սկսված տնտեսական ճգնաժամին։
Թերթը մեջբերում է ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, տնտեսագետ Աբել Աղանբեգյանի խոսքերը, ով հայտարարել է, թե ՌԴ֊ն գտնվում է սոցիալ֊տնտեսական բավական ծանր իրավիճակում, որը բնութագրվում է ստագնացիայով (տնտեսության լճացում), ռեցեսիայով (տնտեսության չափավոր, սակայն կայուն անկում) և ստագֆլացիայով (տնտեսական անկումը կամ լճացումը ուղեկցվում է բարձր գնաճով)։ Ակադեմիկոսը նշել է, որ այդ երեք գործոնի համադրությունը շարունակվելու է նվազագույնը 3 տարի՝ ներառյալ 2013 թվականը, երբ սկսվել է ստագնացիայի գործընթացը։
Ինչ վերաբերում է հայաստանցի գործիչներին, ապա, օրինակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը վերջերս կարծիք էր հայտնել, որ Ռուսաստանում ստեղծված իրավիճակը ժամանակավոր բնույթ է կրում։
«Ակնկալում ենք, որ առաջիկայում պատժամիջոցների կիրառումը Ռուսաստանի նկատմամբ պետք է նվազի, և դրանով դրական ազդեցություն կունենա նաև Ռուսաստանի տնտեսության զարգացման վրա։ Համոզված եմ, որ առաջիկա տարվա ընթացքում դրական քայլեր այդ առումով կլինեն», ֊ թերթի փոխանցմամբ ասել էր Մելիքյանը։
Մեկ այլ ՀՀԿ֊ական պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն էլ Հ1֊ի եթերում հավաստիացրել է, որ պատժամիջոցները կարող են օգտակար լինել Ռուսաստանին։ Ըստ Մինասյանի՝ պատժամիջոցները կարող են խթան հանդիսանալ, որ Ռուսաստանը կենտրոնացնի ներքին ռեսուրսները, կարճ ժամանակում ապահովի տեխնոլոգիական առաջընթաց և տնտեսական աճ, ինչի արդյունքում կսկսեն աճել նաև Ռուսաստանից Հայաստան եկող տրանսֆերտները։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում