Հոկտեմբերի 19-ին Ոստիկանության աշխատակիցը միայնակ չի թողել «Նախախորհրդարան» շարժման քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանին փողոցի բանուկ մասում, այլ սպասել է մինչև վերջինիս ընկերները կժամանեն և կտանեն նրան։ Այս մասին ասում է ՀՀ ոստիկանության կողմից տարածած տեսանյութում օպերատիվ խմբի ղեկավար Պավել Օրդյանը։
«Նախախորհրդարանի» տարածած հայտարարության մեջ նշվում էր, որ հոկտեմբերի 19-ին ոստիկանները Ենիգոմշյանին դուրս էին բերել նրա հարևան Վահրամ Գաբրիելյանի մեքենայից, թողել էին փողոցի բանուկ հատվածում և հեռացել՝ իրենց հետ տանելով հարևանին և վերջինիս ավտոմեքենան, թեև Ենիգոշմյանը նրանց ասել է, որ կույր է։
«Որոշ ժամանակ անց պատահական անցորդներ մոտեցել են Ալեք Ենիգոմշյանին և դուրս բերել փողոցի բանուկ հատվածից», ֊ նշել էր «Նախախորհրդարանը»։
Օրդյանը պնդում է, որ ինքը ուղեկցել է Ենիգոմշյանին մայթ, այնուհետև տաքսի է կանգնեցրել՝ վերջինիս առաջարկելով գնալ ցանկացած վայր, բայց Ենիգոշմյանը չի համաձայնել՝ ասելով, որ իր հետևից կգան։ Ոստիկանության ներկայացրած կադրերում երևում է, թե ինչպես են երկու անձինք մոտենում տաքսիին, ապա հետ գնում դեպի մայթ։ Օրդյանը նաև ասում է, որ ինքը մի փոքր հեռվում սպասել է մինչև այն պահը, երբ մի քանի քաղաքացիներ մոտեցել են Ենիգոմշյանին ու, թևանցուկ անելով, հեռացել են։
«Նախախորհրդարանից» Epress.am-ին հայտնել են, որ իրենք բացատրություն ունեն այդ հայտարարության առնչությամբ, և շուտով կտարածեն այն: