Երեկ Ազգային ժողովը կողմ է քվեարկել սահմանամերձ գյուղերում ձեռնարկատերերին հարկերից ազատելու մասին օրենքին։ Նախագծին կողմ են եղել պատգամավորներից 85-ը, 1-ը ձեռնպահ է մնացել, 5-ը դեմ են քվեարկել։
Օրինագիծը վերջին օրերին ԱԺ֊ում բուռն քննարկման առարկա էր դարձել։ Մասնավորապես, չորեքշաբթի նախագիծը քննարկելիս վիճաբանել են ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և ՀՀԿ֊ական Վարդան Այվազյանը։ Փաշինյանի խոսքով՝ օրենքն անօգուտ է սահմանամերձ գյուղերի բնակիչների համար, և դրա ընդունման պատճառն այն է, որ իշխանավորներն իրենց բիզնեսները կտեղափոխեն սահմանամերձ գոտիներ ու կազատվեն հարկերից։