Home / Տեսանյութեր / Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ վթարի գործը փորձում են կոծկել․ «ՀԺ»

Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ վթարի գործը փորձում են կոծկել․ «ՀԺ»

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, հոկտեմբերի 26-ին «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով բախվել էր Սյունիքի անտառտնտեսության նախկին պետի որդու մեքենային, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ ընդգծելով, որ Տիգրան Խաչատրյանը 120 կմ/ժամ արագությամբ սլանալիս էր եղել Գորիսի փողոցներով:

Այս մասին թերթի թղթակցին հայտնել է անտառտնտեսության նախկին պետ Գրիշա Հայրապետյանը: Նրա որդու մեքենան ջախջախվել է, և, ըստ Հայրապետյանի, անպիտան է վերանորոգման համար։ Հայրապետյանի որդին ձեռքի շրջանում վնասվածք է ստացել։

Տիգրան Խաչատրյանը փախուստի է դիմել դեպքի վայրից, և նրա անունը ոստիկանության ամփոփագրերում չի շոշափվել:

Գորիսի ոստիկանապետ Արմեն Հովհաննիսյանը «ՀԺ»-ի զանգին ի պատասխան հայտարարել է, որ զբաղված է ու անջատել է հեռախոսը։

Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից էլ թերթի թղթակցին հայտնել են, թե, ըստ ամփոփագրերի, «Նիվայի» ղեկին եղել է 39-ամյա Նիկոլայ Աբրահամյանը (Սյունիքի մարզպետի թիկնապահը), իսկ Սուրիկ Խաչատրյանի որդին մեքենայի մեջ չի եղել:

Երեկ Սուրիկ Խաչատրյանը հայտարարել է, որ իր որդին այդ օրը Երևանում է եղել, սակայն Գրիշա Հայրապետյանը «ՀԺ»֊ի հետ զրույցում հերքել է այդ տեղեկությունը՝ ընդգծելով, որ դեպքից մի քանի րոպե հետո Տիգրան Խաչատրյանը եկել է իրենց տուն ու հարցրել, թե արդյոք մարդ չի մահացել վթարի հետևանքով։ Երեկոյան Հայրապետյանը Տիգրան Խաչատրյանին տեսել է նաև հիվանդանոցում։

Հայրապետյանը նաև նշել է, որ ոստիկանությունում 100 տոկոսով գիտեն, թե ղեկին եղել է Տիգրան Խաչատրյանը, սակայն իր հետ զրույցում ոստիկաններն ասել են, որ «չենք կարող նման բացատրություն տալ, 2 կոպեկ աշխատավարձ ենք ստանում, կկազմակերպեն, աշխատանքից կազատեն»։

Հայրապետյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ «ՀԺ»֊ի այսօրվա համարում

Լուսանկարը՝ news.am