Home / Հայաստան / Արագածոտնի մարզի երկու գյուղերը թշնամացել են ջրի պատճառով

Արագածոտնի մարզի երկու գյուղերը թշնամացել են ջրի պատճառով

Խմելու ջրի սակավության պատճառով տարիներ ի վեր հակամարտող Արագածոտնի մարզի երկու գյուղերը՝ Եղնիկը և Շղարշիկը, այլևս չեն կարողանում հարցը լուծել իրար մեջ: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Եղնիկ գյուղի բնակիչները փակել էին Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ պահանջելով վարչապետին կամ նրա աշխատակազմից որևէ մեկի միջամտությունը: Այդ քայլը, սակայն, Շղարշիկ գյուղի բնակիչները սխալ են համարում, նրանք կողմ են բանակցելուն: Երկու գյուղերը ջուրը ստանում են միևնույն աղբյուրից, և Շղարշիկի բնակիչները փակում են հարևան գյուղի ջուրը։

Արագածոտնի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սաթենիկ Զորյանն Epress.am-ին ասել է, որ երկու գյուղերը պետք է համաձայնության գան և հավասար բաժանեն իրենց տրվող ջուրը:

«Այնպես չի, որ այդ հարցը մեզ համար նորություն է: Մարզպետը տիրապետում է իրավիճակին և զբաղվում է այդ հարցով, դրա լուծմամբ»,-ասել է Զորյանը:

Եղնիկ գյուղի բնակիչներից Միսաք Թորոսյանը Epress.am-ին հայտնել էր, որ իրենք պահանջում են վարչապետի միջամտությունը, քանի որ իրենց երեխաները խմում են առվի ջուր, խմելու ջուր չկա:

Շղարշիկ գյուղի գյուղապետ Հովհաննես Հարությունյանը հարևան գյուղացիների ակցիան չի արդարացրել:

«Կին, աղջիկ հանել են, լցրել են փողոց: Որպես ի՞նչ: Ամոթ է»,-ասել է Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Եղնիկ գյուղը չի կարող ավելի շատ ջուր պահանջել, քան Շղարշիկը:

«Եղնիկում ուռճացված թվեր են ներկայացնում, ասում են՝ ապրում է 500 մարդ, հիմա այնքան քիչ մարդ է մնացել, որ դպրոցի աշակերտների թվիը 16 է, մեր գյուղը մոտ 3 անգամ ավելի մեծ է: Բացի դա, նրանք զբաղվում են հողամշակությամբ, ունեն մոտ 400 հա հողեր, իսկ մեր գյուղը ավելի լեռնային է, բարձրադիր, մենք անասնապահությամբ ենք զբաղվում: Իրանց չենք կարող ավելի շատ ջուր տալ», – ասել է Հարությունյանը: 

Այսօր Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը բանակցել է գյուղացիների հետ, որից հետո նրանք ցրվել են, սակայն հարցը լուծում դեռ չի ստացել։