Երեկ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի կազմակերպած համաժողովի ժամանակ քաղաքացի Մյասնիկ Պատվականյանն անհարմար վիճակի մեջ է դրել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին և օմբուդսմենին, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Համաժողովին ներկայացվող տնտեսական զեկույցի ընթացքում Պատվականյանը մտել է դահլիճ, ու, բոլորի համար անսպասելի, սկսել է խոսել Հայաստանում մարդու իրավունքների վատթար վիճակի մասին, թեև մինչ դա օմբուդսմենը դրական է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պետական գերատեսչությունների աշխատանքը։
Կարեն Անդրեասյանը փորձել է խլացնել Պատվականյանին՝ խոսափողով ավելի բարձր շարունակելով իր ելույթը։
«Վարչապետը, անակնկալի եկած, չռված աչքերով լսում էր քաղաքացուն։ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը սկզբում փորձեց քաղաքացու վրդովմունքից կռահել նրա ասածը, իսկ հետո դիմեց կողքին նստած կնոջ օգնությանը։ Տղամարդը շարունակում էր ՄԻՊ֊ի անգործությանն ուղղված ընդդիմախոսությունը, Անդրեասյանն ու վարչապետն աջ ու ձախ էին նայում՝ օգնություն կանչող հայացքներով։ Դե իհարկե, եթե չլինեին միջազգային կառույցների ներկայացուցիչները, քաղաքացին մեկ վայրկյանից բռնի ուժով դուրս կվռնդվեր սրահից, բայց հյուրերի ներկայությունն ստիպեց համբերատար լսել», ֊ գրում է «Հրապարակի» լրագրող Գայանե Սարիբեկյանը։
Կարեն Անդրեասյանը հյուրերի մոտ արդարացել է, թե ինքը լսել է նրան բազմիցս, ու նրա սրահ ներխուժելն էլ արդեն ՀՀ֊ում մարդու իրավունքների ազատության վկայությունն է։
«Եվ ահա, այս դիտարկումից վայրկյաններ անց, քաղաքացու հեռանալուց հետո, դուռը ներսից կողպեցին։ Սակայն միջադեպի ամենազավեշտալի հատվածը տեղի ունեցավ վերջում։ Երբ Պատվականյանն իր մշտական դժգոհություններն էր հնչեցնում, թե ՄԻՊ գրասենյակներն անգործության են մատնված, իր բողոքներին պատշաճ ընթացք չեն տալիս, ՄԻՊ աշխատակցուհին ականջիս փսփսած, թե նա Աղի հանքի հոգեբուժարանում հաշվառված է։ Զարմանքս, թե ինչպես է իմացել այս համաժողովի մասին ու եկել, աշխատակցուհին ոգևորված փարատեց՝ մանրամասնելով, թե նա ամեն ինչից տեղյակ է ու գիտի բոլոր միջոցառումների մասին», ֊ գրում է Սարիբեկյանը։
Հոդվածն մաբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում