Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի ղեկավար Միշա Դանիելյանը 2014 թվականի դեկտեմբերի 10-ին մեղավոր է ճանաչվել յուրացման, պաշտոնական դիրքի չարաշահման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելով բռնություն կիրառելու, պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածներով, սակայն շարունակում է զբաղեցնել գյուղապետի աթոռը:
Դանիելյանի դեմ բողոք բերած մի քանի գյուղացիների ներկայացուցիչ փաստաբան Հարություն Բաղդասարյանը Epress.am-ին հայտնել է, որ Դանիելյանը ոչ մի օր անազատության մեջ չի անցկացրել. նրա նկատմամբ կալանք չի կիրառվել, իսկ նրան 5 տարվա ազատազրկման դատապարտելով՝ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը գյուղապետի նկատմամբ նաև համաներում է կիրառել: Հայցվոր կողմը դատավճռից դժգոհ է մնացել։ Փաստաբանը միջնորդել էր կիրառել նախատեսված լրացուցիչ պատիժ՝ Միշա Դանիելյանին զրկել որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Դատարանը, սակայն, նման որոշում չի կայացրել, ինչի արդյունքում էլ գյուղապետը շարունակում է պաշտոնավարել: Հայցվոր կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը կլսվի փետրվարի 11-ին:
Գործի քննության արդյունքում դատարանը հաստատված է համարել այն, որ գյուղապետը որպես վարորդ աշխատանքի է ընդունել և համայնքի բյուջեից վճարել է 102.000 ՀՀ դրամ աշխատավարձ Երևանի բնակչի, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով՝ անցկացրել է 52 գյուղատնտեսական նշանակության հողակտորների աճուրդ֊վաճառքներ, որոնցից 47-ով կնքվել են պայմանագրեր։ 3 հողակտորների վերաբերյալ աճուրդներով պայմանագրեր են կնքվել իր անվամբ։ Պետական երկու ծրագրերում ներգրավված 33 անձանցից 8֊ը չեն աշխատել, բայց գյուղապետը, պաշտոնեական կեղծիք կատարելով, ստորագրել է նրանց անվան դիմաց։ Դատարանն ապացուցված է համարել նաև, որ գյուղապետը ապօրինի ավագանու նիստ է անցկացրել (առանց ավագանու անհրաժեշտ թվով անդամների ներկայության) և որոշել Կարմիրգյուղ համայնքի պահուստային ֆոնդից 500.000 դրամ հատկացնել «Հայ-Ռուսական Կազակական միություն» կազմակերպությանը, որի անդամ է հանդիսանում:
Ըստ մեղադրանքի՝ հաստատվել է այն, որ Դանիելյանը բռնություն է կիրառել գյուղի մանկապարտեզի դաստիրակչուհի Օվսաննա Գևորգյանի նկատմամբ:
Կարմիրգյուղի բնակիչներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ, մեզ հետ զրույցում ասել է, որ Դանիելյանի՝ Գևորգյանին աշխատանքից ազատելը և նրան ծեծի ենթարկելը ունեցել է քաղաքական դրդապատճառ: Գյուղապետի ընտրությունների ընթացքում Գևորգյանը ընտրել է ՀՀԿ-ական թեկնածուի, իսկ գյուղապետը՝ ԲՀԿ-ից է եղել:
Բնակիչները նաև պատմել են, որ Դանիելյանը դատավարության ընթացքում էլ վստահ էր, որ չի պատժվելու։ «Ես ամեն տեղ էլ դաբրո ունեմ», ֊ ասել է նա:
Epress.am֊ի հետ զրույցում Դանիելյանն ասել է, որ ինքը չի բողոքարկելու դատավճիռը միայն այն պատճառով, որ գյուղում մարդկանց հետ չի ցանկանում թշնամանալ: Այն հարցին, թե արդյոք չի ցանկանում ինքնակամ լքել գյուղապետի պաշտոնը, Դանիելյանը պատասխանել է. «Ես դեռ 20 տարի կաշխատեմ: Ես լավ գյուղապետ եմ։ Ամեն ինչ նենց եմ սարքել»:
Լուսանկարը՝ karmir1in.am