ԲՀԿ քաղխորհդի անդամ Արտակ Խաչատրյանին (լուսանկարում) ծեծի ենթարկելը ներիշխանական ինտրիգների հետևանք կարող է լինել։ Անդրադառնալով շաբաթ օրը Խաչատրյանի նկատմամբ կիրառված բռնությանը՝ «Հայկական ժամանակ» օրաթերթն իր այսօրվա համարում նշում է, որ ներիշխանական հակամարտության կողմերն են Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյան֊ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյան զույգը՝ մի կողմից և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան տանդեմը՝ մյուս կողմից։
Թերթն ընդգծում է, թե լրջորեն պետք է քննել այն վարկածը, որ Արտակ Խաչատրյանի առևանգման հետևում կարող են լինել Գագիկ Խաչատրյանի և Վլադիմիր Գասպարյանի շրջապատը ներկայացնող մարդիկ։
«Հենց այս երկու պաշտոնյաներն են կազմում Հովիկ Աբրահամյան֊Գագիկ Ծառուկյան խնամիական տանդեմի հակառակորդ կառավարական տանդեմը։ Թե՛ Գագիկ Խաչատրյանը, թե՛ Վլադիմիր Գասպարյանը լուրջ խնդիրներ ունեն վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, որովհետև այս երկու անձանցից ազատվելն Աբրահամյանը համարում է ռազմավարական նպատակ։ Հանուն այս նպատակի նա սերտացնում է հարաբերությունները ԲՀԿ֊ի և ոչ իշխանական եռյակի հետ։ Եվ հենց սա է պատճառը, որ Գասպարյանն ու Խաչատրյանը եռյակի ամենասիրած թիրախներն են։
Այս ֆոնին, ահա, երեկ հետաքրքիր բան է տեղի ունեցել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։ Արտակ Խաչատրյանի առևանգումից հետո ԲՀԿ քաղաքական խորհուրդը հանդես էր եկել բավական կոշտ հայտարարությամբ։ Երեկ Հովիկ Աբրահամյանը tert.am կայքին տված մեկնաբանությունում բավական կոշտ գնահատականներ է տվել Գագիկ Ծառուկյանին ու նրա ղեկավարած ԲՀԿ֊ին։
«Իշխանական մեր աղբյուրները պնդում են, որ երբ Հովիկ Աբրահամյանը էքսկլյուզիվ մեկնաբանություն է տալիս tert.am֊ին, դա նշանակում է, որ մեկնաբանության տեքստը գրվել է Բաղրամյան 26֊ում և Հովիկ Աբրահամյանին բավական կոշտ ձևով հրահանգվել է՝ ստանձնել այդ տեքստի պատասխանատվությունը»,֊ գրում է «ՀԺ»֊ն։
Երեկ Հովիկ Աբրահամյանը tert.am֊ին ասել է․ «ԲՀԿ֊ի կողմից տարածված հայտարարությունը ես համարում եմ շտապողական և կոպիտ սխալ, որն ուղղակի անընդունելի է։ Ես ակնկալում եմ, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ պետք է հետևի իր քաղաքական կառույցից դուրս եկող հայտարարություններին, կամ դրանցում տեղ գտած էմոցիոնալ անհեթեթությունները մենք ստիպված պետք է ընկալենք որպես իր անձնական կարծիք։ Այդ դեպքում, նման անպատասխանատու հայտարարություններից բխող հնարավոր զարգացումների ու սրացումների ողջ քաղաքական պատասխանատվությունը մնալու է անձամբ Գագիկ Ծառուկյանի վրա»։
Ըստ «Հայկական ժամանակ»֊ի՝ ակնհայտ է, որ այս տեքստը ծնվել է Արտակ Խաչատրյանի հետ տեղի ունեցածի ներիշխանական ռազբորկաների ժամանակ։ Մեկ այլ առիթով թերթը գրել էր, որ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին կառավարությունում պահում է որպես ԲՀԿ֊ի զսպաշապիկ։ Եվ ահա, վերջին օրերին ԲՀԿ֊ի կոշտ հայտարարությունների ֆոնին Հովիկ Աբրահամյանը, Սերժ Սարգսյանի պարտադրանքով, բաց ուղերձ է հղել Ծառուկյանին՝ ասելով, որ էստեղ, այսինքն՝ կառավարությունում, իր, այսինքն՝ Հովիկ Աբրահամյանի գործերն այնքան էլ լավ չեն։
«Այս հայտարարությունը նշանակում է՝ տարանջատվել խնամի Գագիկ Ծառուկյանից։ Սա հենց այն է, ինչ պետք է Սերժ Սարգսյանին։ Այսպիսով, միանշանակ է, որ Արտակ Խաչատրյանի առևանգմամբ իշխանությունն ապտակ հասցրեց Հովիկ Աբրահամյանին և մարտահրավեր նետեց Գագիկ Ծառուկյանին։ Հովիկ Աբրահամյանն ապտակը անմռունչ կուլ տվեց, իսկ թե ինչ կանի Գագիկ Ծառուկյանը՝ կերևա առաջիկա օրերին»,֊ եզրափակում է «Հայկական ժամանակը»։
Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում