ՀՀԿ-ն իր իշխանության կառավարման ճգնաժամի փաստով հակափաստարկներ բերելու փոխարեն ընդդիմության ճգնաժամից է խոսում։ Այս մասին այսօր ԱԺ֊ում հայտարարել է «Հայաստանի Հանրապետությունում առաջացած կառավարման ճգնաժամի մասին» նախագծի համահեղինակ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։
Վերջինս նշել է, որ նախագծի քննարկումների ընթացքում տեղի է ունեցել «նոր քաղաքական դաշինքի պրեզենտացիա», որը ներկայացվել է ոչ միայն ՀՀԿ-ականների կողմից, այլ նաև, Զուրաբյանի խոսքով, մեկ իբր անկախ պատգամավորի, և մեկ֊երկու իբր ընդդիմադիր պատգամավորների:
«Ապշեցուցիչը միացյալ մանիֆեստի մեջ այն է, որ դրա մասնակիցները ֆորմալ առումով տարբեր ճամբարներից են՝ Էդուարդ Շարմազանովը, Վահրամ Բաղդասարյանը, Հայկ Բաբուխանյանը, Խոսրով Հարությունյանը (բոլորը ՀՀԿ խմբակցության պատգամավորներ են – խմբ), Նիկոլ Փաշինյանը (ՀԱԿ խմբակցության պատգամավոր) և Էդմոն Մարուքյանը (անկախ պատգամավոր)»,- ասել է Զուրաբյանը:
Նրա խոսքով՝ իրենց ընդդիմադիր համարող մարդիկ, ովքեր միանում են ՀՀԿ-ին, ոչնչով չեն տարբերվում այն մարդկանցից, որոնք ստալինյան ռեպրեսիաների տարիներին քննադատում էին ընդդիմությանը:
«Իշխանությունները ԲՀԿ-ի չեզոքացումը համարում են կատարված գործ և կարծում են, որ իրենց դիմադրությանը միայն մեկ օջախ է մնացել՝ Հայ Ազգային Կոնգրեսը: Իշխանությանը պետք է կառավարելի, և ցանկալի է՝ արևմտամետ ներկայացող ընդդիմություն, որ մշտապես փորձեն վախեցնեն Մոսկվային իբր նարնջագույն հեղափոխության վտանգով և դրանով ամրապնդեն իրենց ներքաղաքական դիրքերը»,- կարծիք է հայտնել Լևոն Զուրաբյանը:
Նիկոլ Փաշինյանը պատասխանել է իր դեմ հնչած մեղադրանքներին՝ հիշեցնելով իր՝ «ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» նախագծի դեմ արված ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունը:
«ՀՀԿ-ականները Ջհանգիրյանի քննադատությանը ծափահարում էին, և ես ենթադրում եմ, որ ՀԱԿ-ՀՀԿ միասնական դիրքորոշումն առաջացել է Լևոն Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան խորհրդապահական շփման խողովակի միջոցով, որի մասին Լևոն Տեր-Պետրոսյանը խոսել է իր վերջին նամակում: Սերժ Սարգսյանի աղերսագրեր գրող գործիչները անցյալի գաղջ հիշողություն են ինձ համար և սրանից ավել ասելու ոչինչ չունեմ», ֊ ասել է Փաշինյանը: