«Նաիրիտ» գործարանի աշխատողներն այսօր կրկին նախագահական նստավայրի մոտ են եկել՝ 18 ամսվա աշխատավարձն իրենց վճարելու պահանջով, սակայն ՀՀ իշխանություններից նրանց ակնկալիքները մեծ չեն: Նշենք, որ երեկվա ակցիայի ընթացքում նաիրիտցիները նախագահականից պատասխան չէին ստացել։
Նախագահականի մոտ ակցիան լուսաբանելու համար լրագրողներ էին ժամանել, բայց հարցազրույցները քիչ էին. նաիրիտցիների պահանջը հայտնի է, կառավարության պատասխանը պահանջի կատարման անհնարինության մասին ևս:
«Ի՞նչ եք սպասում կառավարությունից» հարցին նաիրիտցիները պատասխանում են․ «Ոչ մի հույս չունենք, գալիս ենք, բայց հույս չունենք: Պետք է կառավարություն լինի, որ մի բան սպասենք, չկա: Եթե նախագահը թքած ունի ժողովրդի վրա, ի՞նչ պահանջենք: Մենք գալիս ենք հույսներս կտրած», ֊ ասել է բողոքի ակցիայի՝ մոտ 45 տարեկան մասնակիցը։
Ակցիայի ընթացքում գործարանի աշխատակիցները զրուցում էին «Նաիրիտի» շուրջ ստեղծված իրավիճակի անարդարության մասին։ Մասնավորապես, աշխատողներից մեկը հիշեց, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը՝ «Նաիրիտի» նախկին փոխտնօրեն Աշոտ Սարգսյանը, այնուամենայնիվ, ստացել է ամբողջ աշխատավարձը։ Աշխատակիցները խոսում էին նաև հնարավոր լուծումների մասին․ օրինակ, նշում էին, որ գործարանը կարելի է գործարկել և այդպիսով փակել պարտքերը։
«Տիգրան Սարգսյանի եղբայրը գործից դուրս գալուց 43 միլիոն դրամ վերջնահաշվարկ է ստացել: Դա քանի՞ սովորական բանվորի վերջնահաշվարկ կփակեր: Էդ իրենց համար պետք չի սպասել գույքը վաճառելուն, միայն մենք կարող ենք սպասել: Հինգ տարի է գործարանը չի աշխատում, հազար անգամ աուդիտ են արել, ամեն անգամ ծախսել են 110 հազար դոլար: Ինչի՞ համար է նույն հաշվարկը հազար անգամ արվում»,- նաիրիտցիներից մեկը պահանջում էր արդյունավետ ծախսել թեկուզ սակավ ռեսուրսները:
Նշենք, որ բողոքողներն այսօր ավելի քիչ էին, քան նախորդ ակցիաների ժամանակ: Նրանք բացատրում են, որ ամեն օր տրանսպորտի գումար ծախսել կարողանում են թույլ տալ ծերության թոշակ ստացող նաիրիտցիները, իսկ երիտասարդ աշխատակիցները եկամուտի աղբյուր չունեն: