Home / Հայաստան / Մարտի 1, օրենքի խախտումներ․ Ազատության հրապարակի գրոհը

Մարտի 1, օրենքի խախտումներ․ Ազատության հրապարակի գրոհը

2008 թվականի Մարտի 1-ին ՀՀ իշխանությունները (նախագահ Ռոբերտ Քոչարյան, ԿԸՀ֊ի կողմից ընտրություններում հաղթող ճանաչված նախագահի թեկնածու, գործող վարչապետ Սերժ Սարգսյան) ցրեցին Ազատության հրապարակում 10 օր խաղաղ ցույցեր անցկացնող քաղաքացիներին, ապա երեկոյան հրազեն կիրառեցին ընդդիմության աջակիցների դեմ։ Հետագայում քննչական մարմինները և դատարանները չանդրադարձան օրենքի խախտումները բացահայտող փաստերին։ Օրենքի բազմաթիվ խախտումների մասին վկայում են Մարտի 1-ի իրադարձությունները քննելու համար ստեղծված Փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի և Սեդա Սաֆարյանի ներկայացրած զեկույցները, որոնցում ընդգրկված փաստերն արտացոլվել են Տիգրան Պասկևիչյանի և ռեժիսոր Արա Շիրինյանի «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմում։ Այսօր՝ Մարտի 1-ի 7-րդ տարելիցի օրը, Epress.am֊ը մի քանի հոդվածներով անդրադառնում է զեկույցներում և «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմում ներկայացված փաստերին։ Նշենք, որ մինչ օրս 10 մարդու սպանության համար ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել, ոչ ոք չի դատապարտվել։

2008 թվականի մարտի 1-ին՝ վաղ առավոտյան, ոստիկանները հարձակվել են Ազատության հրապարակի վրանային ավանի վրա, որտեղ ՀՀ առաջին նախագահ, 2008 թվականի ընտրություններում նախագահի թեկնածու Լևոն Տեր֊Պետրոսյանի աջակցիները 10 օր շարունակ խաղաղ հավաքներ էին անցկացնում՝ վիճարկելով նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները։

Արդեն իսկ մարտիմեկյան իրադարձություններից հետո, որի հետևանքով առնվազն 10 մարդ զոհվեց, իսկ հարյուրավոր քաղաքացիներ մարմնական վնասվածքներ ստացան, բարձարստիճան ոստիկաններն իրենց ասուլիսներում ընդգծում էին, որ տեղեկություն են ունեցել, թե Ազատության հրապարակում ցուցարարներին պետք է բաժանվեր մեծ քանակությամբ հրազեն, պայթուցիկ նյութեր և մետաղյա ձողեր, ու մարտի 1-ին իրենք որոշել են տեղանքի զննություն և վրաններում խուզարկություն անցկացնել։

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի «զննումը, որպես կանոն, կատարվում է ցերեկը», իսկ ցերեկվա սկիզբը նույն օրենսգրքով սահմանված է առավոտյան ժամը 7֊ից։ Վրանային ավանը ցրելու, ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու պահին նկարահանված տեսանյութերում երևում է տեսագրման ժամը, որն էլ ապացուցում է՝ գործողությունները սկսվել են 07։00-ի շուտ։

7-icaraj

Գործողությունները 07:00-ից շուտ սկսելու մասին են վկայել նաև Ազատության հրապարակում ներկա քաղաքացիները։ Չնայած այդ փաստին, Փաստահավաք խմբի ներկայացուցիչների հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ոստիկանության փոխոստիկանապետ, օպերատիվ շտաբի պետ Ալեքսանդր Աֆյանը պնդել է՝ գործողությունները սկսվել են 07։00-ից հետո։

«Միանշանակ 7-ից հետո է եղել։ 7 անց 5։ Ես ինքս եմ այնտեղ ծառայության ոլորտը ղեկավարել, էդ հրամանը, հանձնարարականը տրվել ա ժամը 7֊ին», ֊ ասել է Աֆյանը։

Բարձրաստիճան ոստիկանը չի հերքել, որ ոստիկանության գործողությունները նկարահանվել են 3 տեսախցիկներով, սակայն չի կարողացել բացատրել, թե ինչու կադրերում չկան ցուցարարներին զգուշացնելու (ինչը պահանջվում է օրենքով) և գործողությունը սկսելու պահերը։ Աֆյանը, այնուամենայնիվ, պնդել է, որ գործողությունը սկսելու մասին բարձրախոսներով զգուշացրել են ցույցի մասնակիցներին, չնայած այդ մասին վկայող ոչ մի տեսագրություն չի եղել։  

«Հայաստանի կորսված գարունը» ֆիլմն ամբողջությամբ՝ այստեղ