Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի 12-ամյա բնակչի մահվան դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով՝ ինքնասպանության հասցնելը: Այս մասին Epress.am-ին հայտնել է Քննչական կոմիտեի հասարակության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Սոնա Տռուզյանը: Աղջկան գտել են այսօր ցերեկն իր տանը՝ կախված վիճակում: Քննչական մարմիններն առայժմ այլ մանրամասներ չեն հրապարակում:
Armlur.am-ի փոխանցմամբ՝ աղջիկն ազգության եզդի էր: Գյուղի դպրոցի տնօրեն Արմենակ Սարդարյանը կայքին հայտնել է, որ վերջին մի քանի օրն անչափահաս աղջիկը հիվանդ էր հարբուխով, դպրոց չէր հաճախում:
«Գյուղում հիվանդություններ են տարածված, նա էլ էր հիվանդացել: Ճիշտ է` առաջադիմությամբ չէր փայլում, սակայն իր ուժերի ներածին չափով սովորում էր: Երբեք որևէ մեկի հետ չէր կռվի, բոլորի կողմից սիրված, հարգված երեխա էր: Տարօրինակ բաներ չենք նկատել վերջին շրջանում նրա մոտ»,- ասել է դպրոցի տնօրենը: