Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում հանդիպումներ է ունենում քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, այսօր Սարգսյանը հանդիպել է Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) ներկայացուցիչներ Գուրգեն Արսենյանի, Հռիփսիմե Ավետիսյանի և Վիգեն Խաչատրյանի հետ։
«Հանդիպման ընթացքում քննարկվել է սահմանադրական բարեփոխումների ներկա փուլին առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև բարեփոխումների հայեցակարգը հավանության արժանացնելու հետ կապված հարցեր: Մինչ այս, Հանրապետության Նախագահը հանդիպում էր ունեցել Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչների հետ: Քաղաքական ուժերի հետ քննարկումներն օրվա ընթացքում շարունակվելու են», ֊ հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Նշենք, որ Գուրգեն Արսենյանն ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ է։ «Բարգավաճ Հայաստան» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցություններն ավելի վաղ դեմ էին արտահայտվել սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությանը։
Սահմանադրական փոփոխությունների ծրագիրը նախաձեռնել է գործող իշխանությունը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Փոփոխությունները նախատեսում են նվազեցնել նախագահի դերը՝ մեծացնելով խորհրդարանինը: