Աշխարհի ամենակրոնական բնակչությունն ունեցող երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով միայն Թայլանդին, որտեղ կրոնականության մակարդակը գնահատվել է 94%: Այս մասին ասված է միջազգային Gallup International կազմակերպության հետազոտության արդյունքներն ամփոփող զեկույցում:
Հայաստանը երկրորդ հորիզոնականը կիսում է հարևան Վրաստանի, Մարոկկոյի, Բանգլադեշի հետ. այս չորս երկրներում էլ հարցվածների 93%-ն ասել է, որ հավատացյալ մարդ է իրեն համարում: Հարավային Կովկասի երրորդ երկրում՝ Ադրբեջանում, 1000 հարցվածներից 34%-ն է ասել, որ իրեն հավատացյալ է համարում:
Նույն հետազոտության համաձայն, ամենամեծ թվով աթեիստները Չինաստանում են: Այս երկրում հարցվածների երկու երրորդն ասել է, որ որևէ կրոնի չի դավանում: «Ամենաանհավատ» երկրների ցուցակում երկրորդը Ճապոնիան է, որին հաջորդում են մի քանի եվրոպական երկրները:
Հետազոտության հեղինակները նշում են՝ կարելի էր կարծել, որ դավանանք ունենալու միտումն աշխարհում անկում է ապրում, հարցումը ճիշտ հակառակի մասին է վկայում: Ընդ որում՝ հավատացյալների շրջանում ավելի շատ են երիտասարդները, քան միջին տարիքի մարդիկ:
«44-54 տարիքային խմբի մարդիկ ավելի քիչ կրոնական են, և հակառակը հենց այս տարիքային խմբում են ամենաշատ աթեիստները: Ամենից հաճախ իրենց հավատացյալ են համարում մինչև 25 տարեկանները:
Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ այս հարցում կարևոր գործոն է սոցիալական վիճակը: Ըստ հարցումների՝ աթեիստները հիմնականում միջինից բարձր աշխատավարձ ստացողներ են: