Մեկ ամիս հարկադիր հոգեբուժման ենթարկված, ապա դուրս գրված Ժուլետա Ամարիկյանի բողոքի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում ընթացող քրեական գործի շրջանակներում քննիչը նշանակել է հոգեբանական նոր փորձաքննություն: Այս փորձաքննությունը հանձնարարվել է այն նույն փորձագետին, ով երեք տարի առաջ եզրակացություն էր տվել, որ Ամարիկյանը հոգեկան խնդիրներ ունի:
Ամարիկյանը պնդում է, որ փորձաքննության արդյունքներն իրականությանը չեն համապատասխանում: Կինը բարձրաձայնել էլ հոգեբուժարանում իր նկատմամբ կիրառված անմարդկային վերաբերմունքի մասին և այդ հարցով դիմում է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Ամարիկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանն ասել է, որ ինքը բացարկ է ներկայացրել՝ միջնորդելով քննությունն այլ փորձագետի մոտ անցկացնել: «Ո՞նց կարող է նույն փորձագետը, որ երեք տարի առաջ եզրակացություն է տվել, հերքել ինքն իրեն, առավել ևս, որ նա հիմա հանձնաժողովի նախագահն է և հանձնաժողովի այլ անդամները անուղղակի կապված են նրա հետ: Մեր բացարկի միջնորդությունը քննիչը մերժել է, դրանից հետո մենք բացարկ ենք հայտնել քննիչին: Այդ միջնորդությունը դեռ դատախազը չի քննել»,- տեղեկացրել է Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ հոգեբույժները ՀՀ օրենսդրությամբ անսահման լիազորություններ են ստանում:
«Եթե հոգեբույժը կարող է անձին տալ եզրակացություն, որն ամբողջովին կարող է փոխել անձի ճակատագիրը, և այդ հոգեբույժը վերահսկողության չի ենթարկվում, սա բերում է մեծ կոռուպցիոն համակարգի ստեղծման», – հավելել է փաստաբանը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ով ևս զբաղվում է Ամարիկյանի պաշտպանությամբ, տեղեկացրել է, որ հոգեբուժական հաստատությունը դատի է տվել իրենց կազմակերպությանը և Ջուլետա Ամարիկյանին՝ բարի համբավը արատավորելու համար փոխհատուցում պահանջելով։
Տիգրան Հայրապետյանը նշել է, որ իրենք դիմել էին քրեական գործ հարուցելու համար, սակայն դիմումը մերժվել է:
«Հիմա էլ քաղաքացիական են դիմել: Եթե հոգեբուժարանն ինքն է ընդունում, որ Ժուլետա Ամարիկյանը չի գիտակցում իր գործողությունների բնույթը, ինչպե՞ս է դիմում դատարան՝ իր հիվանդից 300 հազար դրամ գումար պահանջելով: Մենք, փաստորեն, տեսնում ենք մեր հոգեբուժարանների խնամքը հիվանդների նկատմամբ»,- ասել է Հայրապետյանը: