հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Նաիրիտցիները վարչապետից ակնկալում են մայիսի 25-ին պարտքի մարման ժամանակացույց ստանալ

Նաիրիտցիները վարչապետից ակնկալում են մայիսի 25-ին պարտքի մարման ժամանակացույց ստանալ

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները կարծում են, որ նախորդ շաբաթ ՀՀ կառավարության շենքի մոտ անցկացված երկօրյա նստացույցը չի կարող անարդյունավետ լինել և, գուցե, կհանգեցնի նրան, որ մայիսի 25֊ին կայանալիք վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանն իրենց հստակ պատասխան տրվի աշխատավարձի պարտքի մարման հետ կապված։ Գործարանի աշխատակիցներին չեն վճարել 18-ից 24 ամսվա աշխատավարձը։

Այսօր գործարանի աշխատակիցները կրկին բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ նախագահի նստավայրի մոտ։ «Նաիրիտի» նախկին մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը Epress.am֊ի հետ զրույցում ասել է, որ իրենք պահանջում են աշխատավարձի պարտքի մարում մի քանի ամսվա ընթացքում, քանի որ արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ «Նաիրիտի» գույքը գրավից հանվել է և այն հնարավոր կլինի վաճառել։

Հարությունյանը նաև նշել է, որ բողոքողները դեռևս չեն պատրաստվում «Նաիրիտի» ղեկավարության կողմից թույլ տրված ապօրինությունների հարցով դատախազություն դիմել, քանի որ բողոքողները սպասում են իրենց աշխատավարձերի վերջնական մարմանը, որից հետո իրենց վրա ճնշում գործադրելու լծակներ չեն լինի։ Նախկին խոսնակն ընդգծել է, որ դիմելու դեպքում իրենց կարող են շանտաժի ենթարկել և պարտքի մարումը հետաձգել անորոշ ժամանակով։

Այսօրվա հավաքի ժամանակ «Նաիրիտի» աշխատակիցները քննարկման արդյունքում որոշել են, որ գործարանի վերագործարկման հարցը որքան էլ շտապ է, սակայն ներկա պահին իրենց առաջնային պահանջը աշխատավարձերի վճարումն է։