Ամերիկայի Միացյալ Նահանգներն իր ամուր աջակցությունն է արտահայտում Եվրամիության ու Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի միջև սերտ համագործակցության խթանմանն ուղղված ջանքերին։ Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպի մամուլի խոսնակ Մարի Հարֆի տարածած հայտարարության մեջ, որը նվիրված է Ռիգայում երեկ ավարտված Երվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովին։
«Մենք պատրաստ ենք սատարել ժողովրդավարությունն ու լավ կառավարմանը նպաստող, էներգետիկ անվտանգությունն ամրապնդող, կոռուպցիայի դեմ պայքարող հետագա նախաձեռնությունները, ինչպես նաև՝ աջակցել տնտեսական և սոցիալական զարգացմանը Արևելյան գործընկերության երկրներում: Սա հատկապես կարևոր է Ռուսաստանի կողմից աճող ճնշման ու ողջ տարածաշրջանում տիրող ապատեղեկատվության պայմաններում: Միացյալ Նահանգները շնորհավորում է Լատվիային հաջող գագաթաժողով անցկացնելու համար», ֊ նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ գագաթաժողովի ընթացքում երկրները երկար ժամանակ չէին կարողանում համաձայնության գալ եզրափակիչ փաստաթղթի տեքստի շուրջ։ Մասնավորապես, դեռևս մայիսի 21-ին Reuters գործակալությունը նշել էր, որ ԵՏՄ֊ում Ռուսաստանի գործընկերները՝ Հայաստանը և Բելառուսը հրաժարվում են ստորագրել գագաթաժողովի հայտարարությունը, քանի որ դրանում առկա է «Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիա (բռնակցում)» արտահայտությունը։
Սերժ Սարգսյանը Ռիգայում հնչեցրած իր ելույթում հաստատել էր, որ դժգոհ է հայտարարությունում տեղ գտած ձևակերպումներից։
«Հույս ունեմ, որ կհաղթանակի հեռուն նայելու և ամեն ինչ ճիշտ գնահատելու գործելաոճը. լուծումները կգտնվեն միմյանց խնդիրները հարգելու և միմյանց հասկանալու՝ միակ կայուն ճանապարհով, իսկ գործընթացների ամեն փուլում հանուն համապարփակ կարգավորման համատեղ աշխատանքը կգերակայի միակողմանի փնովումներով հրապարակային հայտարարությունների տարածման՝ ոչ մի տեղ չտանող գայթակղությանը»։
«Ցավոք, նման նշաններ ես տեսնում եմ նաև ԵԺԿ այսօրվա հռչակագրի մեջ, որի մի շարք կետերի շուրջ մենք չկարողացանք հասնել կոնսենսուսի։ Կարծում եմ` դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ առաջին անգամ ԵԺԿ գործընկերները լիարժեք չեն ներգրավվել նախագծի մշակման փուլում», ֊ մասնավորապես, ասել է Սարգսյանը։
Մայիսի 22-ին, սակայն, տարաձայնությունները հարթվել են, քանի որ նշվել է, որ Ղրիմի մասին եզրույթը մնում է փաստաթղթում, որովհետև այն վերաբերում է ոչ թե Արևելյան գործընկերության երկրներին, այլ Եվրամիության անդամ երկրներին։ Հայաստանը Եվրամիության անդամ չէ, և որևէ առնչություն այդ եզրույթին չի կարող ունենալ։