Գյումրիի իշխանությունները հավաստիացրել են քաղաքի անհատ տաքսու վարորդներին, որ վերջիններս կշարունակեն աշխատել «հին ձևերով», հաղորդում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Տաքսիստները բողոքում էին կառավարության այն որոշման դեմ, ըստ որի՝ իրենք պարտավոր են հաշվիչներ տեղադրել և 8 հազար դրամ հաստատագրված վճար կատարել՝ տաքսի վարելու համար։
Տաքսիստներից մեկը թերթին տեղեկացրել է, որ քաղաքապետարանի և մարզպետարանի տարբեր չինովնիկներ անցած օրերին իրենց ասել են, որ նշված փոփոխությունները չեն կայանա, քանի որ Շիրակի մարզը սոցիալական վատ վիճակում է, ու իրենք կարող են հանգիստ աշխատել։
Թերթի հարցին, թե ինչո՞ւ չկայացավ 3 օր առաջ նախատեսած բողոքի ցույցը, նույն վարորդը պատասխանել է․ «Ես էլ չգիտեմ, թե ինչու չկայացավ, իրավապահները եկել, համոզել էին, որ ցրվեն, մարդիկ էլ ցրվեցին։ Հիմա ասում են՝ հին ձևով կաշխատենք»։