Home / Տեսանյութեր / Մանկատների երեխաներին օրավարձով մուրացկան են դարձնում․ պատգամավոր

Մանկատների երեխաներին օրավարձով մուրացկան են դարձնում․ պատգամավոր

Երևանում մանկատների երեխաները ներգրավվում են մուրացկանության մեջ։ ՀՀ Ազգային Ժողովում չորեքշաբթի՝ մայիսի 27֊ին, նման հայտարարություն է արել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ կոչ անելով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին զբաղվել այդ հարցով:

«Վերցնում են երեխաներին և օրավարձով մուրացկան դարձնում։ Դուք նման երեխաներ, օրինակ, կտեսնեք Աբովյան փողոցի վրա։ Ես անձամբ տեսել եմ, թե ինչպես է մի կնոջ հետ 5 տարեկան երեխա մուրացկանություն անում: Ես երեխային հարցրել եմ՝ սա քո հարազա՞տն է, սա քո մայրի՞կն է: Պատասխանել է` «ոչ, ես մանկատնից եմ»», ֊ Անդրեասյանին ասել է ԲՀԿ խմբակցության ղեկավարը։

Զոհրաբյանի խոսքով՝ ինքը նույն հարցն ուղղել է մեծ թվով այլ մուրացկան երեխաների և բոլորից նույն պատասխանն է ստացել։

Լրագրողների հարցին՝ ինչու Զոհրաբյանը չի դիմում դատախազություն, պատգամավորը պատասխանել է, որ ինքն այսօր արդեն զեկուցել է օմբուդսմենին․ նման հարցերով պետք է զբաղվեն ՄԻՊ֊ն ու իրավապահ մարմինները։