Խաչիկ Խաչատրյանը 7 տղա և մեկ աղջիկ ունի։ 8 երեխաների հայրը հրաժարվում է իր տղաներին ուղարկել բանակ, գրում է «Հրապարակ» թերթը։
«Զինկոմիսարիատից են գալիս շուտ֊շուտ, անհանգստացնում են, որ երեխաներին պետք է ուղարկենք զինկոմիսարիատ՝ բուժզննում անցնելու։ Ես թույլ չեմ տալիս, ասում եմ՝ մինչև պետությունն ինձ մի բանով չաջակցի, ես ոչ մի երեխա էլ չեմ տա, որ գնան բանակ։ Իսկ դրա համար Սեյրան Օհանյանը պետք է մտածի, թե ինչ պետք է արվի այդ երեխաների համար։ Եկավ բանակի ժամանակը, մենակ հիշում են, որ բանակ տանեն, բայց չեն մտածում, որ պետք է ընտանիքին ինչ֊որ ձև աջակցեն, մի բան անեն, որ երեխաներին էլ ուղարկենք՝ գնան ծառայության»,֊ թերթին ասել է Խաչիկ Խաչատրյանը։
Բազմազավակ ընտանիքն ապրում է Արմավիրի մարզի Թաիրով գյուղում։ Ապրում են 9 մետրանոց վագոն֊տնակում, այն էլ՝ ուրիշի հողատարածքի վրա։ Խաչիկ Խաչատրյանը տան միակ աշխատողն է։ Նա նշել է, որ շուտով իրենց դուրս կհանեն այդ տարածքից, գնալու տեղ էլ չունեն․ «Հողատարածքի տերն էլ ասում է, որ պետք է դուրս գամ, արդեն շինություն անեն։ Ասում է՝ շուտափույթ դուրս եկեք, ես էլ ասում եմ՝ տեղ չունենք հիմա գնալու, սպասեք, տեսնենք ինչ կլինի, նոր դուրս կգամ։ Տան միակ աշխատողը ես եմ, բանվորություն եմ անում, մեկ լինում է բանվորություն, մեկ չի լինում։ Մեծ տղաս 25 տարեկան է, արդեն 8 տարի է՝ դիալիզով հիվանդ է երիկամներից, կինս տրոմբով է հիվանդ, մի տղաս աչքերի և ականջների խնդիր ունի»։
11 հոգուց բաղկացած ընտանիքը պետությունից միայն 60 հազար դրամ նպաստ է ստանում․ «Հնարավորություն չկա, աշխատավարձով էլ յոլա գնալ չի լինում, որովհետև օրը մեջ միայն 4 հազար դրամ տղայիս վրա է գնում։ Առավոտյան տաքսիով տղաս պարտադիր ժամը 7֊ից պետք է դուրս գա, որ կարողանա հասնել հիվանդանոց, դիալիզ ստանա, ի վիճակի չէ տրանսպորտով գնալ։ Կամ եթե մայրիկի հետ են գալիս, մի ձև տրանսպորտով գալիս են»։
Բազմազավակ ընտանիքը դեռ անցյալ տարի հայտնաբերել է, որ իրենց 13֊ամյա որդին՝ Մովսեսը, աչքերի և ականջների խնդիր ունի։
«Տարել եմ հանրապետական ստուգման, տեսել են, որ խնդիր ունի, թղթերը տունը կա, դրա համար երեխան միառժամանակ դպրոց չգնաց։ Հիվանդության պատճառով երեխային թողեցին նույն դասարանում։ Իսկ նույն դասարան թողնելու համար էլ երեխան ասաց՝ ես էլ չեմ գնա նույն դասարան, չուզեցավ, մենք էլ չթողեցինք, որ գնա։ Համ էլ երեխան չէր կարող։ Համ աչքերը չբուժվեցին, համ էլ ականջները», ֊ ասել է Խաչատրյանը։
Ընտանիքի հայրը պատմել է նաև, որ դիմել է և՛ կառավարությանը, և՛ մարզպետարանին իրենց տուն կամ տարածք տրամադրելու խնդրանքով, սակայն պատասխանել են, թե նամակով կտեղեկացնեն, և այդպես էլ նամակ չի եկել։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում