հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Գյումրիում երիտասարդներն աշխատանք չունեն, 40%-ը ցանկանում է արտերկիր մեկնել

Գյումրիում երիտասարդներն աշխատանք չունեն, 40%-ը ցանկանում է արտերկիր մեկնել

Երիտասարդների գործազրկությունը Գյումրիում 52% է կազմում, և այս հարցն ամենախնդրահարույցն է նրանց համար։ Այս մասին նշված է Գյումրիում երիտասարդության խնդիրներին վերաբերող առաջին հետազոտությունում, որը հրապարակվել է մայիսի 31-ին Գյումրիի երտասարդական նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու երիտասարդական խորհրդի կողմից։

Հարցմանը մասնակցել են 400 երիտասարդներ, և նրանց 76%-ը հենց գործազրկությունն է համարել իրենց քաղաքի ամենամեծ խնդիրը։ Որպես կարևորագույն երկրորդ ու երրորդ խնդիրներ գյումրեցիներն առանձնացրել են ֆինանսական բարդ կացությունը և արտագաղթը, որոնք ևս փոխկապակցված են գործազրկության խնդրի հետ։

«Ահագնացող արտագաղթի տեմպերի ցուցիչ է նաև այն, որ հարցվածները հույսեր չեն կապում հայրենի քաղաքի հետ։ Հարցվածների 40%-ն ասել է, որ ծրագրում է մեկնել արտերկիր՝ արտագնա աշխատանքի։ 40%-ն էլ ասել է, որ Հայաստանի այլ քաղաքներում, մասնավորապես, Երևանում է մտադիր գործ փնտրել», ֊ նշում են զեկույցի հեղինակները։

Զբաղվածության հարցում երևում է նաև ուսումնասիրության վեր հանած երկրորդ կարևոր խնդիրը՝ երիտասարդների ինքնուրույնության պակասը։

«Չնայած ֆինանսական դժվարությունների հաղթահարման անհրաժեշտությանը՝ չաշխատողների 19%-ն ասել է, որ չի աշխատում, քանի որ ընտանիքը թույլ չի տալիս աշխատել», ֊ գրում են զեկույցի հեղինակները։

Հարցված երիտասարդների 91%-ն ասել է, որ ամենաշատը կարևորում է իր ընտանիքի հետ հարաբերությունները, 48%-ը նշել է, որ որոշումներ կայացնելիս խորհրդակցում է ծնողների հետ։ Հարցված երիտասարդների 79%-ի կարծիքով՝ ինքնուրույնության համար իրենց անհրաժեշտ է աշխատանք, իսկ 60%֊ն ասել է, որ դրա համար անհրաժեշտ է ֆինանսական անկախություն ծնողներից։