հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Ալավերդին 45 օր ծխի մեջ կմնա․ ընկերության տնօրենը հայցում է բնակիչների ըմբռնումը

Ալավերդին 45 օր ծխի մեջ կմնա․ ընկերության տնօրենը հայցում է բնակիչների ըմբռնումը

Արդեն մի քանի օր է` «Վալլեքս» խմբին պատկանող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության Ալավերդի քաղաքում գործունեության արդյունքում ծխագազերի արտանետումների համար նախատեսված հին խողովակից կրկին արտանետումներ կան, իսկ Կոշաբերդ սարի գլխին կառուցված նոր ծխատարը չի գործում: Այս մասին երեկ aarhus.am կայքում գրել է Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգող Անուշ Էվոյանը։

Նա նշում է, որ հին խողովակը համարվում է պահեստային, որի օգտագործման անհրաժեշտությունը լինում է արտադրական վթարների կամ այլ համապատասխան իրավիճակների դեպքում: Սակայն, հին ծխատարից դուրս եկող ծխի ամպերի կուտակման հետեւանքով օրեր շարունակ քաղաքում նկատելիորեն փոփոխված է մթնոլորտային օդի վիճակը:

Ինչպես նշում է ecolur.org֊ը, Օրհուս կենտրոնի համակարգողը հարցում է ուղարկել ընկերություն, որտեղից պատասխան է ստացել, թե 45 օր է անհրաժեշտ Ալավերդու պղնձաձուլական գործարանի նորակառույց ծխատարի և ծխնելույզի պլանային նորոգման աշխատանքներն ավարտելու համար:

««Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանի նորակառույց ծխատարի և ծխնելույզի պլանային նորոգման աշխատանքներով պայմանավորված` ժամանակավորապես դադարեցվել է այդ ծխատարի և ծխնելույզի շահագործումը: Նոր ծխատարի և ծխնելույզի նորոգման աշխատանքները կտևեն 45 օր: Այդ ժամանակահատվածում գործարանի մետալուրգիական գործունեության արդյունքում գոյացող ծխագազերը հեռացվելու են նախկին` 100 մետրանոց, ծխնելույզով:

Ընկերությունը հայցում է Ալավերդու և բացասական ազդեցության հնարավոր բարձրացման ենթակա այլ համայնքների ազգաբնակչության ընբռնումը», ֊ ասված է «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության տնօրեն Գագիկ Արզումանյանի` Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգող Անուշ Էվոյանին ուղղված պատասխան նամակում: