Քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանը և Վարդան Վարդանյանը «Վարդաշեն» ՔԿՀ֊ում հացադուլ են սկսել։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը։
Քաղբանտարկյալների պահանջը՝ նրանց առանձին խուց տեղափոխելն է։ Հարությունյանը հացադուլը սկսել է հունիսի 8-ին, իսկ Վարդան Վարդանյանը երեկ է միացել նրան։
«Այս հինգ օրերի ընթացքում, նրա [Շանթ Հարությունյանի] հացադուլի մասին չի բարձրաձայնվել, քանի որ նա պայմանավորվածություն է ունեցել, որ մինչև ուրբաթ կկատարեն իր պահանջը։ Բայց հայրս չի դադարեցրել իր հացադուլը։ Այսօր՝ ուրբաթ օրը, հունիսի 12-ին, նրա պահանջը չի կատարվել, և, հորս դիմումի համաձայն, նա տեղափոխվել է հատուկ հացադուլավորների համար նախատեսված խուց», ֊ գրել է Շահեն Հարությունյանը։
«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով՝ Հարությունյանի և Վարդանյանի պատիժը օրինական ուժի մեջ մտնելուց հետո նրանց տեղափոխել են կիսաբաց տիպի ռեժիմային գոտի, որտեղ նրանք անվտանգության հետ կապված խնդիր են ունեցել։ Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը թերթի թղթակցին փոխանցել է, որ տեղաբաշխման հանձնաժողովին ուղղված Շանթ Հարությունյանի՝ առանձին խուց տեղափոխելու դիմումը քննարկման փուլում է։
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը և նրա 12 ընկերները մեղավոր են ճանաչել 2013 թվականի նոյեմբերի 5-ին ակցիա անցկացնելու ընթացքում խուլիգանություն անելու մեջ: Ալբերտ Մարգարյանը և Վահե Մկրտչյանը նաև մեղավոր էին ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ:
Շանթ Հարությունյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, Ալբերտ Մարգարյանը նույնպես 6 տարի էր ստացել, Վահե Մկրտչյանը՝ 7 տարի, Լիպարիտ Պողոսյանը՝ 5 տարի, Ավետիս Ավետիսյանին՝ 5 տարի, Վարդան Վարդանյանը՝ 5 տարի, Հայկ Հարությունյանը՝ 4 տարի 6 ամիս, Ալեք Պողոսյանը՝ 4 տարի, Մկրտիչ Հովհաննիսյանը՝ 4 տարի, Արմեն Հովհաննիսյանը՝ 2 տարի, Սևակ Մնացականյանը՝ 1 տարի 6 ամիս, Տիգրան Պետրոսյանը՝ 1 տարի, Միսակ Միքայելյանը տուգանվել է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: Պետրոսյանն ու Մնացականյանն արդեն ազատության մեջ են։
Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, բայց դատարանը վճռել է պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել 4 տարվա փորձաշրջան:
Դատապարտյալները չեն ընդունում իրենց մեղքը, մասնավորապես, նշելով, որ երթի ընթացքը խանգարել են սադրիչները, իսկ քաղաքացիական հագուստով ոստիկաններն իրենք են հրահրել ընդհարումը։ Մի շարք տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, քաղաքական ուժեր Հարությունյանին և ընկերներին ճանաչել են քաղբանտարկյալ: