հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Դատարանը օրինականացրել է «սև ցուցակը». Դրամահավաք՝ ատելություն քարոզող թերթին վճարելու համար

Դատարանը օրինականացրել է «սև ցուցակը». Դրամահավաք՝ ատելություն քարոզող թերթին վճարելու համար

Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարաններում «Իրավունք» թերթին պարտված 16 քաղաքացիներն այժմ պետք է ընդհանուր առմամբ 2000 ԱՄՆ դոլար վճարեն։ Դրա մեջ ներառված են դատարանի վճռով թերթին և դրա գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանին վճարվելիք գումարները, ինչպես նաև քաղաքացիների կողմից արված դատական ծախսերը։ 

Վճիռներով իրենց հասցված վնասը փոխհատուցելու համար քաղաքացիներն առցանց դրամահավաք են սկսել։ Դրամահավաքի կազմակերպիչները նշում են, որ դատարանի վճիռն անօրինական է և շարունակում է թերթի ատելության քարոզը ԼԳԲՏ անձանց իրավունքներով զբավող քաղաքացիների դեմ։

«2014թ. մայիսին մի խումբ ակտիվ քաղաքացիներ հրապարակայնորեն իրենց զայրույթն արտահայտեցին երկու հանրային կերպարի` երգիչներ Անուշ և Ինգա Արշակյանների արտահայտությունների դեմ, որոնցով վերջիններս նսեմացրել էին մարդկանց՝ հոգեկան առողջության խնդիրների, գենդերային ինքնության հիմքով: Անուշ և Ինգա Արշակյանները «Եվրատեսիլ 2014-ի ժյուրիի անդամներն էին, ովքեր հայտարարել էին, որ իրենց համար ինչպես հոգեկան հիվանդն է հակակրանք առաջացնում, այնպես էլ` [Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտա Վյուրստի] նման երևույթները:

Ակտիվ քաղաքացիների կողմից մարդու իրավունքները նսեմացնող այս արտահայտությունները դատապարտող քայլերը հիմք հանդիսացան, որպեսզի նրանցից շատերը դառնան ճնշումների և ատելության քարոզի նոր թիրախ: Իշխանական հովանավորչություն վայելող տեղական մի լրատվամիջոց շուրջ 60 հոգուց բաղկացած «սև ցուցակ» հրապարակեց` անվանելով նրանց «ազգի և պետության թշնամիներ» և կոչ անելով հանրությանը այս անձանց նկատմամբ խտրականության և մեկուսացման տարատեսակ գործողություններ կատարել: «Ցուցակագրվածներից» ոմանք փորձեցին իրենց նկատմամբ անարդարության դրսևորումը վիճարկել դատարանում, բարձրաձայնել իրավական ճանապարհով ատելության քարոզի և խտրականության դեմ պայքարի անհրաժեշտության մասին: Ցավոք, ՀՀ արդարադատության համակարգը ձախողեց իր առաքելությունը, այն է` արդարության հաստատումը: Համարելով, որ ատելության ու խտրականության քարոզը «խոսքի ազատություն» է` ՀՀ բոլոր դատական ատյանները մերժեցին 16 հոգու կոլեկտիվ հայցը: Դատական նիստերի ընթացքում դատավորների արած արտահայտությունները վկայում էին, որ նրանք կանխատրամադրված են գործի հանդեպ և չեն քննում այն ըստ էության:

Արդյունքում` արդարադատություն ակնկալող քաղաքացիների ոչ միայն բողոքը մնաց չքննված ու արդար լուծում չստացած, այլև նրանք հայտվեցին դատական վճիռների արդյունքում առաջացած ֆինանսական ծանր բեռի տակ»,- ասված է դրամահավաքի տեքստում:

Լուսանկարում ձախից՝ Հովհաննես Գալաջյանը, աջից՝ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ տնօրեն, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը